շաբաթ, հոկտեմբեր 10
10 / 10 / 2026
Պանամայում երկրաշարժից առնվազն 27 մարդ է տուժել, վնասվել է ավելի քան 400 շինություն

Պանամայում երկրաշարժից առնվազն 27 մարդ է տուժել, վնասվել է ավելի քան 400 շինություն

Պանամայում հոկտեմբերի 9-ին տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով առնվազն 27 մարդ թեթև վնասվածքներ է ստացել, շուրջ 300 մարդ տարհանվել է։

Հոկտեմբերի 10-ին հրապարակված վերջին ամփոփ տվյալներով՝ զոհեր չեն արձանագրվել: Վնասվել է ավելի քան 400 շինություն։ EFE գործակալությունը գրում է, որ այս տվյալները ներկայացրել են Պանամայի իշխանությունները։ Վնասված շինությունների թվում են 142 բնակելի տուն և 188 ուսումնական հաստատություն։

«Նախնական հաղորդումները վկայում են երկրի տարբեր նահանգներում բնակելի տների, ուսումնական հաստատությունների, հիվանդանոցների, եկեղեցիների, կառավարական շենքերի, կամուրջների և ճանապարհների վնասման մասին։ Այս պահի դրությամբ անհետ կորածների մասին տեղեկություններ չկան»,– հաղորդել է Պանամայի քաղաքացիական պաշտպանության ազգային համակարգը։

ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի մագնիտուդը կազմել է 7,7։ Այն գրանցվել է հոկտեմբերի 9-ին՝ տեղական ժամանակով ժամը 12։56-ին, Պիտալոսա Արիբա բնակավայրից շուրջ 12 կիլոմետր արևմուտք-հարավ-արևմուտք։ Օջախը գտնվել է 12,6 կիլոմետր խորության վրա։ Հիմնական ցնցումից հետո գրանցվել է ավելի քան հարյուր հետցնցում։

 

  • Կիսվել: