չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՀԱՊԿ-ը Հայաստանից հեռանալու մտադրություն չունի, բայց կա տպավորություն, որ Հայաստանն ունի նման մտադրություն․ Եվսեև

ՀԱՊԿ-ը Հայաստանից հեռանալու մտադրություն չունի, բայց կա տպավորություն, որ Հայաստանն ունի նման մտադրություն․ Եվսեև

ՀԱՊԿ-ը չունի մտադրություն հեռանալու Հայաստանից, այս մասին 168․am-ի հետ զրույցում ասել է ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը։

Հիշեցնենք, որ ԱԽՔ Արմեն Գրիգորյանն «Ազատության»-ը տված հարցազրույցում նշել է․ «Մեծ հաշվով, խնդիրը ոչ թե նրա մեջ է, որ Հայաստանն է լքելու ՀԱՊԿ-ը, այլ խնդիրը նրա մեջ է, որ ՀԱՊԿ-ը կարող է լքել Հայաստանը, որովհետև ՀԱՊԿ-ը չի ճանաչում Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանը, փորձում է օգտագործել Բաքվի փաստարկները և մեզ համոզել, որ այնտեղ սահման չկա, մինչդեռ այնտեղ կա սահման»:

Նախօրեին էլ հայտնի դարձավ, որ Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ քարտուղարի տեղակալի իր քվոտայից։

Վլադիմիր Եվսեևն ասել է, որ ՀԱՊԿ-ը չի լքել և չի պատրաստվում լքել Հայաստանը, քանի որ անցնող ամիսների ընթացքում արագորեն իր հնարավորությունների սահմանում արձագանքել է այն խնդիրներին, որոնք բարձրացրել է Հայաստանը։

Ըստ նրա՝ խնդիրն այն է, որ Հայաստանն ունի պատկերացում, որ այդ արձագանքը պետք է լինի հենց այնպիսին, ինչպիսին ՀՀ իշխանություններն են համարում տեղին, այն դեպքում, երբ ՀԱՊԿ-ում կան բազմաթիվ այլ երկրներ, որոնք էլ իրենց հերթին՝ ունեն շահեր ու հնարավորություններ։

Ի դեպ, նա նաև հիշեցրել է, որ Ռուսաստանն իր հերթին պատերազմի մեջ է, և գործընկեր երկրների մեծ մասի առջև դրված չէ խնդիր՝ աջակցել ՌԴ-ին։

«Այս հարցերին լավագույնս անդրադարձել է իր վերջին հարցազրույցներից մեկում Սերգեյ Լավրովը, ՀԱՊԿ ներկայացուցիչն իր ասուլիսում՝ ներկայացնելով, թե սեպտեմբերյան իրադարձություններից հետո ՀԱՊԿ-ն ինչ արագությամբ է արձագանքել, կազմել զեկույց և առաջարկել քայլեր, որոնք Երևանը չի ցանկացել ընդունել, քանի որ դրանում չի եղել սուր քննադատություն՝ ուղղված Ադրբեջանին։ Իսկ Հայաստանը, ըստ էության, մերժում է աշխատանքը ՀԱՊԿ-ում, հրաժարվելով նախատեսված պաշտոններից, զորավարժություններից և պլանային աշխատանքից։ Դա Հայաստանի որոշումն է, ոչ թե ՀԱՊԿ-ի, որովհետև ՀԱՊԿ-ն իր առաջարկները ներկայացրել է, եթե դրանք Երևանում անբավարար են համարում և համարում են, որ կան ավելի ամուր երաշխիքներ, առաջարկներ, ապա ՀՀ-ն ինքնիշխան երկիր է։

Բայց իրերը պետք է իրենց անուններով կոչել՝ ՀԱՊԿ-ը Հայաստանից հեռանալու մտադրություն չունի, և ընդհանրապես այդ ձևակերպումը նման կազմակերպության դեպքում մի փոքր անհասկանալի է, բայց կա տպավորություն, որ Հայաստանն ունի նման մտադրություն, սակայն դա այլ կերպ է ներկայացնում»,- ասել է նա։

Ինչ վերաբերում է սահմանի վերաբերյալ պաշտոնական Երևանի պնդումներին, ապա Եվսեևն ասել է, որ ՀԱՊԿ-ում ՀՀ սահմանը չճանաչելու կամ ճանաչելու վերաբերյալ որևէ խոսակցություն կամ հայտարարություն չի լսել։

«Երևի թե ՀԱՊԿ-ից պետք է մեկնաբանեն այս դիսկուրսը՝ սահմանի հետ կապված ի՞նչ տարաձայնություններ են եղել, կամ եղե՞լ են, թե՞ ոչ։ Ես չեմ հիշում նման բան»,- ասել է նա։

  • Կիսվել: