երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀԱՊԿ-ի՝ որպես անվտանգության դոնորի պահանջն աստիճանաբար ավելանալու է. Արարատ Միրզոյան

ՀԱՊԿ-ի՝ որպես անվտանգության դոնորի պահանջն աստիճանաբար ավելանալու է. Արարատ Միրզոյան

ՀԱՊԿ-ի՝ որպես անվտանգության դոնորի պահանջն աստիճանաբար ավելանալու է։ Այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Երեւանում ընդլայնված կազմով ընթացող ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում։

Անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի եւ ՀԱՊԿ-ի ստեղծման պատմությանը՝ նախարարը փաստել է, որ կազմակերպությունը քայլ առ քայլ  ավելի նշանակալի խաղացող է դառնում տարածաշրջանում եւ ընդհանրապես Եվրասիայում։

Նախարարը միաժամանակ նշել է, որ ամեն տարածաշրջան իր առանձնահատկությունն ունի, լոկալ կարիքները, պահանջներն ու գերակայությունները։

«ՀԱՊԿ-ի պահանջը՝ որպես անվտանգության դոնորի, աստիճանաբար աճելու է եւ դուրս է գալու Եվրասիական տարածաշրջանի նախապես գծված շրջանակներից»,- նշել է Միրզոյանը։ Նա տեղեկացրել է, որ նեղ կազմով նիստի ժամանակ քննարկվել են տարածաշրջանային անվտանգության եւ ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության վրա նրա ազդեցության հարցերը։ Մասնակիցները կարծիքներ են փոխանակել աշխարհում եւ տարածաշրջանում իրավիճակի մասին, լսել են տեղեկատվություն ճգնաժամային կարգավորման մեխանիզմների կատարելագործման եւ չհամաձայնեցված փաստաթղթերի ուղղությամբ կատարվող աշխատանքի, հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացման մասին։

Այնուհետեւ մասնակիցները ստորագրել են նախապես համաձայնեցված երեք փաստաթուղթ՝ ԱԳ նախարարների խորհրդի որոշումների փաթեթը 2022թ. արտաքին քաղաքականության, պաշտպանության եւ անվտանգության  խորհրդատվությունների պլանի մասին, հաջորդ հանդիպման ժամանակի եւ տեղի մասին արձանագրային որոշման նախագիծը, ԱԳ նախարարների խորհրդի հայտարարության նախագիծը միջազգային անվտանգության հարցերի վերաբերյալ։ Հաջորդ հանդիպումը նույնպես կայանալու է Երեւանում, տարվա երկրորդ կեսին, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի նախօրեին։ 

  • Կիսվել: