ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հանդիպե՞լ են Հայկ Մարությանն ու Ռոբերտ Քոչարյանը. պարզաբանում է Արամ Վարդևանյանը

Հանդիպե՞լ են Հայկ Մարությանն ու Ռոբերտ Քոչարյանը. պարզաբանում է Արամ Վարդևանյանը

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն այսօր անդրադարձավ «Հայկական ժամանակ» կայքում հրապարակված հոդվածին, ըստ որի՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

«Հետաքրքիր է՝ այդ նյութի հեղինակը «Հայկական ժամանակ» օրաթե՞րթն է, թե՞ գործադիր իշխանությունը, կարծես, այդտեղ մի քիչ մեկտեղման լուրջ ռիսկեր կան, որովհետև ինձ համար հասկանալի չէ տեղեկության աղբյուրը, փորձեցի ծանոթանալ նյութին, տեսա լրագրողի անունն էլ գրած չէր, թե այդտեղ ինչ հետևություններ պետք է անել, շատ բարդ է», - Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վարդևանյանը։

Նա նշեց, թե եթե լիներ նման հանդիպում, հանրությունը տեղեկացված կլիներ։

«Առհասարակ, կարծում եմ՝ ԶԼՄ-ն, երբ նման տեսակ գնահատաականներ է հնչեցնում, պետք է որ ելակետը լինի փաստական հանգամանքը, ոչ թե ֆանտաստիկայի կամ հեքիաթային ժանրի ոլորտը», - նշեց պատգամավորը։

Նրա խոսքով՝ տպագրված նյութի հասցեատերը «Հայաստան» դաշինքը չէ։

«Առհասարակ, Երևանի քաղաքապետի գործողությունների վերաբերյալ գնահատականներում քննադատությունն էլ է հաճախ ներկայացվում, եթե ինչ-որ մի դրական գործողություն լինում է, դրա մասին էլ է հիշատակվում, կարելի է ասել՝ դրականն էլ կա, բացասականն էլ կա», - ասաց նա։

Հարցին՝ ցանկություն կա՞ Հայկ Մարությանի հետ հանդիպելու, Վարդևանյանն արձագանքեց. «Ես մի քիչ չեմ պատկերացնում՝ ինչով պետք է հատուկ ցանկություն առաջացած լինի»։

  • Կիսվել: