հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Համավարակով պայմանավորված բազմաթիվ ասպարեզներում կաթվածահար է եղել միջազգային համագործակցությունը

Համավարակով պայմանավորված բազմաթիվ ասպարեզներում կաթվածահար է եղել միջազգային համագործակցությունը

Կառավարության ծրագրի հաշվետվողականությունը ներկայացվում է մի ժամանակաշրջանում, երբ ողջ միջազգային հանրությունն ազգային մակարդակում և միջազգային համագործակցությամբ քայլեր է ձեռնարկում հնարավորինս արդյունավետ հասցեագրելու նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերները: Այսօր Ազգային Ժողովում կառավարության ծրագրի կատարողականի վերաբերյալ լսումների ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Նախարարի խոսքով, համավարակը մարտահրավեր է դարձել ամբողջ աշխարհի համար: Այդ մարտահրավերը առկա է քաղաքական և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում միջազգային անվտանգության և համագործակցության համար:

«Մի կողմից բազմաթիվ ասպարեզներում կաթվածահար է եղել միջազգային համագործակցությունը, սակայն մյուս կողմից առավել է ընդգծվել դրա կարևորությունը հենց գլոբալ սպառնալիքների, կոնկրետ այս պարագայում համավարակի դեմ պայքարելու պայմաններում»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը։

Նախարարն ասաց, որ ՀՀ արտաքին քաղաքականության մեջ, միջազգային օրակարգի հիմքում եղել և մնում է արժեքային, համագործակցային մոտեցումը:

«Ոչ մի երկիր միայնակ չի կարող դիմակայել գլոբալ մարտահրավերներին առանձին: Առավել ևս երբ նման երկրների համար համագործակցությունը միջազգային կայունության և անվտանգության ապահովման կարևոր գործիք է: Այդ առումով մեզ համար թ՛ե համավարակից առաջ և թե՛ հիմա առաջնային խնդիրը եղել և մնում է մեկը՝ ապահովել մեր անվտանգային համակարգի, մեր անվտանգության ամբողջ ճարտարապետության համապարփակությունը»,- նշեց նա։

Զոհրաբ Մնացականյանը նաև ներկայացրեց, թե նոր տիպի կորոնավիրուսի պայմաններում որոնք են ԱԳՆ գործունեության հիմնական ուղղությունները։

Դրանք ենք.

-Արտերկրում գտնվող մեր քաղաքացիների վերադարձ և տեղում իրենց անվտանգության ապահովման ուղղությամբ քայլերի ձեռնարկում;

-Բեռնափոխադրումների անխափանության ապահովման ուղղությամբ քայլերի ձեռնարկում և համակարգում;

-Կորոնավիրուսի դեմ պայքարում միջազգային համագործակցության իրականացումը՝ ուղղված թե՛ փորձի փոխանակմանը, թե՛ պայքարի համար անհրաժեշտ միջոցների ձեռքբերման և Հայաստան տեղափոխման աշխատանքների համակարգմանը:

Զոհրաբ Մնացականյանը նաև ասաց, որ գործընկերների հետ ձեռքբերված պայմանավորվածությունների արդյունքում Հայաստան են ներմուծվել COVID-19-ի դեմ պայքարի համար անհրաժեշտ առողջապահական պարագաներ, նյութեր, սարքավորումներ։ Մասնավորապես, Չինաստանից չվերթներով Հայաստան են բերվել անհրաժեշտ առողջապահական պարագաներ, որոնք ձեռք էին բերվել Հայաստանի կառավարության, ինչպես նաև նվիրաբերվել էին ՉԺՀ կառավարական շրջանակների, ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի (WFP), տարբեր բարեգործական հիմնադրամների, հայազգի և օտարազգի անհատների կողմից։

«Այս պայմաններում մեզ համար անգնահատելի է ԵՄ և անդամ երկրների, ԱՄՆ, Չինաստանի, ՌԴ, Հնդկաստանի, Ճապոնիայի, ԱՄԷ և Շվեյցարիայի կողմից տրամադրված օգնությունը և ծրագրված աջակցության փաթեթները։ ՌԴ, Իրանի, Վրաստանի մեր գործընկերների հետ փոխգործակցության բարձր մակարդակի շնորհիվ հնարավոր դարձավ մեր քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխման արդյունավետ իրականացումը։

Նման համագործակցություն իրականացվել է բազմաթիվ այլ երկրների հետ, որի շնորհիվ հաջողվել է Հայաստան տեղափոխել մեր քաղաքացիներին»,- նշեց Զոհրաբ Մնացականյանը։

 

  • Կիսվել: