ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Համանախագահների հայտարարության մեծ մասի հասցեատերը պաշտոնական Բաքուն է, վստահ են Երևանում․ azatutyun.am

Համանախագահների հայտարարության մեծ մասի հասցեատերը պաշտոնական Բաքուն է, վստահ են Երևանում․ azatutyun.am

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ողջունում են հուլիսի 16-ից հայ-ադրբեջանական սահմանին տիրող հարաբերական կայունությունն ու կոչ անում զերծ մնալ սադրիչ հայտարարություններից և գործողություններից, այդ թվում` քաղաքացիական բնակչությանն ու կենսական կարևորություն ունեցող ենթակառուցվածքներին ուղղված սպառնալիքներից:

ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու Ռուսաստանը ներկայացնող միջնորդներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը երեկ են հանդես եկել նոր հայտարարությամբ։

«Տևական ու խաղաղ կարգավորման համար քաղաքական կամքի լավագույն դրսևորումն է զերծ մնալ առավելապաշտական մոտեցումներից, խստորեն պահպանել հրադադարի ռեժիմն ու խուսափել սադրիչ հայտարարություններից և գործողություններից»,- ասված է հայտարարության տեքստում։

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան ասում է՝ չնայած ԵԱՀԿ Մինսկի խումբը միշտ փորձում է չեզոքություն դրսևորել, այնուամենայնիվ, երեկ տարածված հայտարարությունից պարզ է դառնում, թե ուղերձն ավելի շատ որ կողմին է հասցեագրված։ Պաշտոնյան հատկապես մատնանշում է կենսական կարևորություն ունեցող ենթակառուցվածքներին ուղղված սպառնալիքներից զերծ մնալու համանախագահների կոչը։ Նկատում է՝ ավելի վաղ ադրբեջանական կողմը Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու սպառնալիք էր հնչեցրել։

«Դա միանշանակ, ամբողջովին վերաբերում է Ադրբեջանին, պրովոկացիաների մասով միանշանակ վերաբերում է Ադրբեջանին: Ինչպես նաև, Դուք գիտեք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ էր արել, որ պանդեմիայի շրջանում հանգստություն պահպանվի, մենք միացել ենք այդ կոչին և հետևել ենք այդ կոչին, բայց Ադրբեջանը լրիվ այլ ուղղությամբ է գնացել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղարը:

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ևս համոզված է՝ այս անգամ համանախագահների հայտարարության մեծ մասի հասցեատերը հենց պաշտոնական Բաքուն է։

«Ադրբեջանի ընդհանրապես վերջին շրջանի և հատկապես հուլիսյան օրերի ապակառուցողական քաղաքականությունը, դրսևորումները, հայտարարությունները և գործողությունները, կարծում եմ, առավել քան պարզ են և պարզ են նաև միջնորդների և ընդհանրապես միջազգային հանրության համար», - «Ազատության» հետ զրույցում շեշտեց խորհրդարանական հանձնաժողովի նախագահը:

Միջնորդները նաև նշել են` համանախագահող երկրների ջանքերը քննադատող հայտարարությունները և/կամ/ բանակցությունների ձևաչափում միակողմանիորեն նոր «պայմաններ» սահմանելու կամ փոփոխություններ մտցնելու փորձերը չեն նպաստում կառուցողական երկխոսության վերականգնմանը։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շեշտում է՝ դեռ սահմանային լարվածությունից օրեր առաջ ադրբեջանական կողմն էր կոշտ քննադատության ենթարկել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ կառույցին մեղադրելով «ոչ հստակ հայտարարությունների և անարդյունք բանակցությունների» համար։

«Դրանից արդեն պարզ էր, որ քննադատության ենթարկելով՝ փորձում է պրովոկացիա կատարել», - նշեց Գրիգորյանը:

Հայաստանը, ըստ Անվտանգության խորհրդի քարտուղարի, շարունակում է կողմ լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին։

Իսկ արդյո՞ք ԵԱՀԿ Մինսկի խումբը նաև Երևանին է ուղերձ հղում, երբ հայտարարում է, որ բանակցությունների ձևաչափում միակողմանիորեն նոր «պայմաններ» սահմանելու կամ փոփոխություններ մտցնելու փորձերը չեն նպաստում կառուցողական երկխոսության վերականգնմանը: Այս շաբաթ կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին ասել էր, որ Արցախը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ: Վարչապետը հայտարարել էր նաև, որ բանակցությունները պետք է լինեն իմաստալից:

Արմեն Գրիգորյանը չի համարում, թե հայկական կողմի առաջարկը բանակցային ձևաչափի փոփոխություն է ենթադրում. - «Հրադադարի պայմանագիրը ստորագրվել է Երևանի, Ստեփանակերտի և Բաքվի կողմից, և միայն հնարավոր է եղել այն կյանքի կոչել, որովհետև Արցախը մասնակցել է, և առարկայական բանակցությունները միայն հնարավոր է Արցախի մասնակցությամբ: Սա ընդհանրապես ֆորմատի փոփոխություն չի»:

ԵԱՀԿ Մինսկի խումբը նաև կոչ է արել կողմերին օգտվել ռազմական գործողությունների նվազեցումից՝ պատրաստվելու լուրջ և առարկայական բանակցությունների՝ խնդրի համապարփակ լուծումը գտնելու համար: Համանախագահները նաև ընդգծել են՝ ԵԱՀԿ դիտորդները պետք է որքան հնարավոր է շուտ տարածաշրջան վերադառնան:

Միջնորդները նաև նշում են, որ իրենց ջանքերի հիմքում շարունակում են մնալ 2019 թվականի մարտի 9-ին տարածված հայտարարության մեջ շարադրված տարրերն ու սկզբունքները։ Անցած տարի Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ եռանախագահները վերստին վկայակոչել էին Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքները՝ շեշտելով, որ խնդրի արդար ու տևական կարգավորումը պետք է հիմնված լինի ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների հիման վրա:

  • Կիսվել: