չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հակոբ Արշակյանը աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր քարտուղարին

Հակոբ Արշակյանը աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր քարտուղարին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր քարտուղար Նարեկ Մելքումյանին։
 
Նախարարը շնորհավորել և հաջողություն է մաղթել Նարեկ Մելքումյանին, ընդգծել նրա մասնագիտական փորձը պետական կառավարման համակարգում, կարևորել գլխավոր քարտուղարի աշխատանքի դերը նորաստեղծ նախարարության համար։
 
Հակոբ Արշակյանը խոսել է նախարարության գործառույթների, այդ թվում՝ ռազմարդյունաբերության կոմիտեի գործուն աշխատանքների մասին, կարևորել իրավական, գործառնական, պրակտիկ, բովանդակային առումներով ամեն մի վարչության ու աշխատակցի կողմից իր դիրքին համահունչ աշխատելու, ճիշտ օրենսդրական մեխանիզմներ կիրառելու անհրաժեշտությունը։
 
Նախարարի խոսքով՝ նախարարության կողմից նախաձեռնողականությունը ինստիտուցիոնալ հիմքերի վրա է դրվում․ ունեցած ծրագրային բոլոր նախաձեռնությունները ինստիտուցիոնալացնելու գործառույթները գլխավոր քարտուղարի առաջիկա աշխատանքի ամենամեծ ճակատը պետք է լինի։
 
«Սա նախարարության այս տարվա լրջագույն մարտահրավերն է, որն իրականացնելու ենք բոլորս միասին, թե ռազմարդյունաբերության կոմիտեի, թե ընդհանուր առմամբ ԲՏԱ նախարարության տեսանկյունից»,- ասել է Հակոբ Արշակյանը։
 
Նախարարը նշել է, որ ներկայում թե՛ բովանդակային, թե՛ բարդության, թե՛ ուղղվածությունների տեսանկյունից նախադեպերը չունեցող այնպիսի ծրագրեր են իրականացվում, ինչպիսիք են «Հայկական վիրտուալ կամուրջ»-ը, կրթական վերապատրաստման ծրագրերը, որոնց շնորհիվ 6000 մարդու հնարավորություն է տրվում վերպրոֆիլավորելու դեպի տեխնոլոգիական ոլորտ, նորարարական դրամաշնորհների ծրագիրը, ինժեներական քաղաքը, կիբերանվտանգության կենտրոնը և մի շարք այլ ծրագրեր։
 
Նարեկ Մելքումյանը շնորհակալություն է հայտնել բարձր վստահության համար, համոզմունք հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի ապահովել սահմանված բարձր ուղենիշները և այն աշխատանքները, խնդիրներն ու նպատակները, որոնք դրված են նախարարության և ոլորտի հիմքում։

  • Կիսվել: