հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործման կարգի սահմանումը կվերապահվի Կառավարությանը

Հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործման կարգի սահմանումը կվերապահվի Կառավարությանը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց ««Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախատեսվում է պետական սահմանի օդային տարածքի պաշտպանության ժամանակ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործման կարգը սահմանել ՀՀ Կառավարության որոշմամբ:

Առաջարկվում է Կառավարության համապատասխան որոշմամբ կանոնակարգել օդային տարածքում ՀՀ պետական սահմանը պահպանելիս և ՀՀ պետական սահմանի օդային տարածքում ահաբեկչական գործողությունների չեզոքացման համար հակաօդային պաշտպանության ու ռազմական ավիացիայի ուժերի կողմից զենքի և մարտական տեխնիկայի կիրառման ընթացակարգը, դրանց կիրառման վերաբերյալ որոշում կայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը:

«Հակաօդային պաշտպանության զորքերն իրավասու են ՀՀ անվտանգությանը սպառնալու դեպքում կամ ՀՀ-ի նկատմամբ թշնամական որևէ գործողություն կատարելիս ուղեկցել և ստիպել օդանավին կամ թռչող այլ սարքին վայրէջք կատարել օդանավակայաններում կամ համապատասխան այլ տարածքում, իսկ եթե օդանավը կամ թռչող այլ սարքը շարունակում է նշված գործողությունները, հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումները ոչնչացնում են օդանավը կամ թռչող այլ սարքը»,- ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը: 

  • Կիսվել: