հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ուկրաինայի ՀՕՊ համակարգերը չեն նվազել, սակայն Ռուսաստանն ավելի շատ հրթիռներ ունի. Զելենսկի

Ուկրաինայի ՀՕՊ համակարգերը չեն նվազել, սակայն Ռուսաստանն ավելի շատ հրթիռներ ունի. Զելենսկի

Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգին առնչվող խնդիրը հրթիռների պաշարների նվազումը չէ, այլ հարձակումների ժամանակ Ռուսաստանի օգտագործած հրթիռների թվի զգալի աճը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում է  РБК-Украина-ն։

Նա նշել է, որ Ուկրաինան ստացել է ավելի շատ ՀՕՊ համակարգեր, սակայն Ռուսաստանը զգալիորեն ավելացրել է հրթիռների, մասնավորապես՝ բալիստիկ հրթիռների օգտագործումը։ Ռուսաստանը շարունակում է ավելացնել զենքի արտադրությունը՝ ստանալով բաղադրիչներ առանձին երկրներից և մասնավոր ընկերություններից։

«Նրանք բաղադրիչներ են ստանում, ցավոք, գործընկեր երկրներից, մասնավոր հատվածից։ Սակայն այդ հրթիռները արտադրելու նրանց կարողությունը պետք է կրճատվի, սակայն նման բան դեռևս տեղի չի ունենում»,-ասել է Զելենսկին:

Ուկրաինայի նախագահը նաև ընդգծել է, որ առայժմ Patriot համակարգերի համար PAC-3 հրթիռները մնում են բալիստիկ հրթիռների դեմ պայքարի միակ արդյունավետ միջոցը։

Նրա խոսքով՝ այդ առումով Ուկրաինային անհրաժեշտ են ՀՕՊ հրթիռների մատակարարումների ավելացում և գործընկերների, առաջին հերթին՝ Միացյալ Նահանգների անխափան օգնությունը։

 

  • Կիսվել: