հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Գույքահարկի փոփոխության վերաբերյալ օրենքը պետք է տարածվի բացառապես այն քաղաքացիների վրա, ովքեր նոր գույք ձեռք կբերեն․ Փաստաբան

Գույքահարկի փոփոխության վերաբերյալ օրենքը պետք է տարածվի բացառապես այն քաղաքացիների վրա, ովքեր նոր գույք ձեռք կբերեն․ Փաստաբան

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը ներկայումս Ձորաղբյուրում գտնվող իր առանձնատան համար գույքահարկ վճարում է տաերական 5000 դրամ, սակայն Հարկային օրենսգրքում գույքահարկի հետ կապված փոփոխություններից հետո այդ վարձը կաճի։

«Ես հասկանում եմ, որ գույքահարկի գործող դրույքաչափերը քիչ են ու իմ վճարած հարկը շատ ծիծաղելի է։ Նույնիսկ պատրաստ եմ ինչքան բարձրանա վճարել, բայց մեկ է՝ այս օրենքը հակասահմանադրական է», - InfoPort.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց փաստաբանը։

Սիրունյանի ներկայացմամբ, Հարկային օրենսգրքում գույքահարկի հետ կապված փոփոխությունները, որոնք Ազգային ժողովն արդեն ընդունել է, մարդու վիճակը վատթարացնող են, հետևաբար ՀՀ Սահմանադրությամբ հետադարձ ուժ ունենալ չեն կարող։

Այսինքն՝ այդ օրենքը պետք է տարածվի բացառապես այն քաղաքացիների վրա, ովքեր նոր գույք կգնեն կամ նոր տուն կկառուցեն։

«Սահմանադրության մեջ սևով սպիտակի վրա գրված է՝ անձի վիճակը վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չի կարող ունենալ։ Իսկ ընդունված օրենքով առաջարկում են իմ կառուցած գույքի համար, որի դիմաց ես վճարում էի այլ գումար, ավելի բարձր հարկ վճարել։ Ինչքան էլ իրենք ասեն, որ հարկի բարձրացումը կատարվելու է 6 տարի, աստիճանաբար, միևնույն է այն բնակարանի տիրոջ վրա չի կարող տարածվել, իսկ ահա նոր գնորդի վրա կարող է տարածվել։ Գույքահարկի ռիսկը այլ է, բիզնեսում եղած հարկերի ռիսկից։ Բիզնեսում սահմանվող հարկերը ձևավորում են գործարարի վարքագիծը, իսկ գույքահարկի պարագայում քաղաքացին վատ վիճակում է հայտնվում՝ կամ պետք է հարկը վճարի, կամ տունը վաճառի։ Իսկ սա արդեն անձի վիճակը վատթարացնող է», - ներկայացրեց Ալեքսանդր Սինունյանը։

Դիտարկմանը, թե Ազգային ժողովում քննարկումների ժամանակ հայտարարվել է, որ այն վատթարացնող բնույթ չունի, փաստաբանը չհամաձայնեց՝ պնդելով, որ նման հայտարարության համար որևէ հիմնավորում չի կարող լինել։

«Ինչպե՞ս կարող է վատթարացնող չլինել, եթե անձի գույքահարկը հիմա 5 հազար դրամ է, իսկ 2021-ին այն կարող է լինել 7000 ու էդպես շարունակ մինչև 2026 թվականը։ Ինձ այլընտրանք չեն թողնում, այս օրենքով ասում են՝ չես կարողանում գույքահարկ վճարել, տունդ վաճառի։ Մեծ գույքահարկի ռիսկը մարդը իր աչքի առաջ պետք է տեսանելի ունենա։ Համաձայն եմ՝ գույքի հարկը պետք է միանշանակ բարձրանա, մարդու համար այդ ռիսկը պետք է լինի տեսանելի, որ մտածի՝ տունը 4 հարկանի սարքի՞ թե ոչ։ Այլ ոչ թե 4 հարկանի տունը սարքի, հետո գան ասեն՝ գույաքահրկդ բարձրացել է», - նշեց Ալեքսանդր Սիրունյանը։

Փաստաբանի խոսքով, օրենքի ուժի մեջ մտնելուց հետո դատական վեճերն անխուսափելի են լինելու։

  • Կիսվել: