շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
GRECO-ն կոչ է արել թափանցիկ դարձնել վարչապետի, ԱԺ նախագահի արարողակարգային ծախսերը

GRECO-ն կոչ է արել թափանցիկ դարձնել վարչապետի, ԱԺ նախագահի արարողակարգային ծախսերը

Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը (GRECO) Հայաստանի իշխանություններին կոչ է անում վերանայել վարչապետի, նախագահի և ԱԺ նախագահի արարողակարգային ծախսերի փակ գործընթացը։ Այս մասին ասված է GRECO-ի՝  Հայաստանի վերաբերյալ հրապարակված 5-րդ գնահատման զեկույցում։

Այսպես՝ զեկույցում ասված է. «GRECO-ն առաջարկում է վերանայել վարչապետի, նախագահի, ԱԺ նախագահի արարողակարգային ծախսերի հետ կապված պետական գնումների գործող փակ գործընթացները՝ նպատակ ունենալով սահմանափակել դրանց օգտագործումը բացառապես այն դեպքերում, երբ դրանք բավականաչափ հիմնավորված են ազգային անվտանգության նկատառումներով»։

Նշվում է նաև, որ GRECO-ն կառավարությունից ակնկալում է փոփոխություններ կատարել նախարարների ու վարչապետի խորհրդականների աշխատանքի ներկա կարգավորումներում. «Առաջարկում ենք, որ կարգավորվեն ու հստակեցվեն հասարակական հիմունքներով գործող խորհրդականների իրավական կարգավիճակը՝ նրանց համար թափանցիկության, հաշվետվողականության ու բարեվարքության ամենաբարձր չափանիշներ ապահովելու համար»։

Ըստ զեկույցի՝ GRECO-ն շեշտում է՝ թեպետ հասարակական հիմունքներով խորհրդականները չեն վարձատրվում, բայց նրանք ունեն գործադիր գործառույթներ, մասնակցում են որոշումների կայացմանը ու ունեն որոշիչ ազդեցություն քաղաքականությունների մշակման ոլորտում։

Բացի այդ՝ GRECO-ն Հայաստանի իշխանություններին կոչ է արել նաև տեղեկատվության մատչելիության օրենսդրության մոնիտորինգ իրականացնել՝ հատուկ ուշադրություն դարձնելով տեղեկատվությունը մերժելու դեպքերին։ GRECO-ն առաջարկում է նաև դիտարկել տեղեկատվության ազատության հետ կապված վերահսկողության հատուկ մարմնի ստեղծման հարցը, որը կապահովի օրենսդրության իրականացումն ու մշտադիտարկում կիրականացնի։

Նշենք, որ երկրի ղեկավարների արարողակարգային ծախսերը գաղտնիացվել են 2016-ին

 

  • Կիսվել: