հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Գործադիրն առաջարկում է հանրային պաշտպանների համար սահմանել աշխատավարձի ֆոնդի՝ 15 տոկոսի չափով հավելում

Գործադիրն առաջարկում է հանրային պաշտպանների համար սահմանել աշխատավարձի ֆոնդի՝ 15 տոկոսի չափով հավելում

Նախագծով առաջարկվում է հանրային պաշտպանների կատարած արտաժամյա աշխատանքի դիմաց վարձատրելու նպատակով ստեղծել իրավական հիմքեր՝ հանրային պաշտպանի գրասենյակին աշխատավարձի ֆոնդի՝ տասնհինգ տոկոսի չափով պետական բյուջեից գումար հատկացնելու համար: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

««Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 23-ի նիստում: Այն վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը:

Ըստ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանի՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է երկու առանցքային գործոններով՝ յուրաքանչյուր տարի գրանցվող հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածության աճով, ինչպես նաև Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ուժի մեջ մտնելու հանգամանքով:

Հիմնական զեկուցողը նաև նշել է, որ չնայած հանրային պաշտպանների թվաքանակի վերջին ավելացմանը՝ այս պահին 69-ը, հանրային պաշտպանների ներկայիս թվաքանակը թույլ չի տալիս նրանց չներգրավվել արտաժամյա աշխատանքում:

Փոխնախարարի տեղեկացմամբ՝ հանրային պաշտպանի գրասենյակը բախվել է մի խնդրի, որի շրջանակում հանրային պաշտպանները՝ որպես հերթապահություն, ոչ աշխատանքային օրերին ու ժամերին, այդ թվում՝ գիշերային ժամերին, մասնակցում են քննչական և այլ դատավարական գործողությունների, կատարում են արտաժամյա և գիշերային աշխատանք, սակայն դրա համար լրացուցիչ չեն վարձատրվում: Այնինչ նման դեպքերի համար լրացուցիչ վարձատրության իրավունքն Աշխատանքային օրենսգրքով ամրագրված երաշխիք է. «Նախագծով առաջարկվում է գումարը հատկացնել միայն արտաժամյա աշխատանքի համար: Առաջարկը չի վերաբերելու գրասենյակի ղեկավարին և տեղակալներին»,- մանրամասնել է Լևոն Բալյանը:

Ներկայացնելով թվային որոշ վերլուծություններ՝ զեկուցողը փաստել է. «2021 թվականի ընթացքում քրեական վարույթների շրջանակում հանրային պաշտպանները` որպես հերթապահություն, շուրջ 244 անգամ ոչ աշխատանքային օրերին ու ժամերին, այդ թվում՝ գիշերային ժամերին, մասնակցել են քննչական և այլ դատավարական գործողությունների, որից 190 դեպքում` Երևանում, իսկ 54 դեպքում՝ մարզերում: 2022 թվականի հերթապահությունների քանակը կրկնակի ավելացել է՝ հասնելով 421-ի, որից 307 դեպքում՝ Երևանում, 114 դեպքում` մարզերում»:

Նշվել է, որ ներկայումս մեկ հանրային պաշտպանը վարում է միջինում 210 քրեական գործ: Հաշվի առնելով վերոնշյալը՝ փոխնախարարը խնդրել է նախաձեռնությանը տալ դրական եզրակացություն:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հետաքրքրվել է՝ արդյոք այս պահին առկա հանրային պաշտպանների թիվը և նրանց հավելյալ կատարած աշխատանքը բավարա՞ր են քրեական գործերի պատշաճ որակ ապահովելու համար, թե՞ անհրաժեշտ են այլ կարգավորումներ՝ ավելացնելու հանրային պաշտպանների թվաքանակը: Ի պատասխան՝ զեկուցողը վստահեցրել է՝ պաշտպանների առկա քանակով հնարավոր է ապահովել քրեական գործերի պատշաճ որակ: Փոխնախարարի խոսքով առաջարկվող փոփոխությամբ հարցի կարգավորումն առավել ամբողջական է դառնում:

«Փոփոխությունների արդյունքում որքա՞ն կկազմի տրվելիք հավելավճարը»,- հետաքրքրվել է պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը: «Ներկայումս հանրային պաշտպանի աշխատավարձը կազմում է 395 հազար դրամ. նախատեսվում է տասնհինգ տոկոսի չափով հավելում՝ ըստ զբաղեցրած պաշտոնի դրույքաչափի»,- ընդգծել է Լևոն Բալյանը:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Մարինա Ղազարյանը, կարևորելով նախագիծը, հորդորել է կողմ քվեարկել:

Նախաձեռնության ընդունման կարևորությունից խոսել են նաև պատգամավորները: «Նախագիծը չափազանց կարևոր է հանրային պաշտպանի գրասենյակի հետագա գործունեությունն առավելապես լավարկելու համար»,- նման կարծիք է հայտնել պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

Օրենսդրական նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի հավանությանը: 

  • Կիսվել: