երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Գնել Սանոսյանը խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզպետարանում

Գնել Սանոսյանը խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզպետարանում

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզպետարանում։

Նախարարը շնորհակալություն է հայտնել բռնի տեղահանվածներին կացարանով և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով ապահովելու գործընթացում այս օրերին կատարած աշխատանքի համար։

Նախարարը հանձնարարել է գույքագրել մարզում առկա ազատ բնակարանները, տները, որպեսզի հնարավոր լինի բռնի տեղահանվածներին հյուրանոցներից, հյուրատներից տեղափոխել մշտական բնակության վայրեր։ Նա հանձնարարել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել դպրոցահասակ երեխաների հաշվառմանը, որպեսզի երեխաների կրթության իրավունքը չտուժի և նրանք դուրս չմնան կրթական գործընթացից։

Նախարարը հանձնարարել է առանձնացնել հատուկ կարիք, առողջական խնդիրներ ունեցող անձանց, հետևել, որպեսզի այդ մարդիկ պատշաճ բուժսպասարկում անցնեն։
Գնել Սանոսյանը հանձնարարել է անհրաժեշտության դեպքում ներգրավել նաև կամավորների, իսկ բռնի տեղահանվածներին այցելելիս` նրանց իրազեկել Կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերի մասին։

Մարզպետը նախարարին զեկուցել է մարզում կատարված աշխատանքները, տեղեկացրել է, որ մարզում տեղակայվածների մեծ մասը ցանկություն է հայտնել մնալ մարզում և արդեն իսկ սկսել են աշխատանքի տեղավորվել։

Մարզպետը տեղեկացրել է, որ հանձնարարել է գույքագրել մարզում առկա ազատ բնակարաններն ու տները։

Տավուշի մարզում այս պահին տեղակայվել է 3388 բռնի տեղահանված, որոնցից 899-ը՝ հյուրանոցներում։

  • Կիսվել: