ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ղազախստանը պատրաստ է ավելացնել Հայաստան արտահանումը․ Տոկաև

Ղազախստանը պատրաստ է ավելացնել Հայաստան արտահանումը․ Տոկաև

Ղազախստանը շահագրգռված է Հայաստանի հետ առևտրատնտեսական համագործակցության խորացմամբ։ Այս մասին այսօր Երևան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցում ասել է Ղազախստանի նախագահ Կասիմժոմարտ Տոկաևը։

Ընդգծելով առանձնահատուկ հարգանքը Հայաստանի հարուստ պատմության և մշակույթի նկատմամբ՝ Տոկաևը նշել է, որ Հայաստանը Ղազախստանի համար կարևոր և վստահելի գործընկեր է Հարավային Կովկասում։ «Երկկողմ կապերի ակտիվացումը ընդհանուր նպատակ է»,- նշել է Տոկաևը՝ հավելելով, որ տարածաշրջանային և միջազգային խաղաղության և կայունության հարցերում նպատակները համընկնում են։ Ըստ նրա, այյցի ընթացքում տեղի ունեցած բանակցություններն ապացուցում են, որ կողմերը շահագրգռված են համագործակցության խորացմամբ, քննարկվել են օրակարգային հարցեր, ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացմանը։ Ինչպես հայտարարել է Ղազախստանի նախագահը, 5 տարվա ընթացքում այս ոլորտում համագործակցությունն աճել է, սակայն ներուժն ամբողջությամբ չի օգտագործվել։ «Ուստի, կարծում ենք, որ կարևոր է բարձրացնել տեմպերը և փնտրել նոր ուղղություններ, որոնք խթան կհաղորդեն երկկողմ հարաբերություններին։ Ղազախստանը պատրաստ է Հայաստան արտահանումը հասցնել 350 միլիոն դոլարի»,- ասել է Տոկաևը՝ հավելելով, որ առաջնահերթ ոլորտներն են նաև ֆինանսները, գյուղատնտեսությունը և արդյունաբերությունը։ Տոկաևը նշել է, որ հայկական կողմին առաջարկել է մի շարք երկկողմանի ներդրումային ծրագրեր, ինչպես նաև ակտիվացնել շփումները ձեռներեցների միջև, ինչը կնպաստի ձեռներեցության խորհրդի ստեղծմանը։

Մեկ այլ կարևոր ոլորտ, ըստ Տոկաևի, տրանսպորտն ու լոգիստիկան է։ Այս առումով, Աստանան բարձր է գնահատում Հայաստանի ջանքերը Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության կառավարության «Աշխարհի խաչմերուկ» նախաձեռնությունը։ Ղազախստանի կառավարությունը նաև աջակցում է  երկու երկրների մայրաքաղաքների և այլ քաղաքների միջև ուղիղ չվերթների իրականացման նախաձեռնությանը։ Կողմերը քննարկել են թվային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները։ Առանձնահատուկ նշանակություն է տրվել մշակույթի և հումանիտար կապերի հարցերին։ Այս տարի Ղազախստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր,  Աստանայում կհայտնվի Մեսրոպ Մաշտոցի փողոցը։

Ղազախստանի նախագահն արձանագրել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում արդյունավետ համագործակցությունը և բազմաթիվ հարցերում դիրքորոշումների նմանությունը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ մասնակցությունը խաղաղության և կայունության ամրապնդման գործում։

Եզրափակելով՝ նախագահ Տոկաևը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է այցելել Ղազախստան։

  • Կիսվել: