երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Գևորգ Պետրոսյանը առաջարկում է կեղծ տեղեկություններ հայտնող պաշտոնյաներին տուգանել կամ ազատազրկել

Գևորգ Պետրոսյանը առաջարկում է կեղծ տեղեկություններ հայտնող պաշտոնյաներին տուգանել կամ ազատազրկել

Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը առաջարկում է քրեական օրենսգրքում լրացում կատարել ու սահմանել, որ պաշտոնատար անձի կողմից հանրային հետաքրքրություն ներկայացնող կամ ազգային անվտանգությանն առնչվող հարցերով կեղծ կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակայնորեն հայտնելը պետք է պատժվի տուգանքով կամ ազատազրկմամբ։

Պատգամավորը առաջարկում է կեղծ կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակայնորեն հայտնելու համար պատժել 700-ից 1 միլիոն դրամի չափով տուգանքով կամ ազատազրկմամբ՝ մինչև մեկ տարի ժամկետով։

Հիմնավորման մեջ Պետրոսյանը նշել է․ «ՀՀ քրեական օրենսգիրքը արգելում է տեղեկությունների թաքցման կամ կեղծման հետ կապված այնպիսի իրավահարաբերություններ, ինչպիսիք են Մարդկանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր հանգամանքների վերաբերյալ տեղեկություն թաքցնելը, Շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկություններ թաքցնելը կամ դրանք դիտավորյալ աղավաղելը եւ այլն. ընդ որում` առանձնահատուկ է նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի կարգավորումը, որով քրեականացնում է Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը:

Պարզ ասած սա թերեւ արգելում է բացառապես գրավոր ձեւաչափով կեղծ տեղեկություններ տրամադրելը, մինչդեռ բանավոր` հայտարարությունների, ելույթների ու լրագրողական հարցերին հրապարակային պատասխանների դեպքում, որոնք արտահայտված չեն գրավոր ձեւով, պաշտոնատար անձանց կողմից հաճախ է լինում տեղեկատվության կեղծում կամ սուտ տեղեկության հայտնում, ինչը ունի հանրային բարձր վտանգավորություն:

Նախագծի կարեւորությունը կայանում է նրանում, որ արգելում է պաշտոնատար անձանց կեղծ տեղեկատվություն տրամադրելը, ինչը առաջին հերթին պետական իշխանության վստահելիության կարեւորագույն երաշխիքն է:

  • Կիսվել: