երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը  միջազգային հանրությանը մեծացնել ճնշումը Ադրբեջանի նկատմամբ

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը միջազգային հանրությանը մեծացնել ճնշումը Ադրբեջանի նկատմամբ

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով վերջին շրջանում Հայաստանի հասցեին հաճախակի հնչող ադրբեջանական մեղադրանքներին։ 

Հաղզորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Ադրբեջանում կրկին պետական մակարդակով նկատվում է հակահայկական և հակաարևմտյան հիստերիայի ալիք, որը ոչ միայն միջամտություն է Հայաստանի ներքին գործերին, այլև պարզ ցույց է տալիս այն իրողությունը, որ Ադրբեջանը ձգտում է համաշխարհային հանրության ուշադրությունը շեղել տարածաշրջանային խնդիրներից, հետևապես խուսափել այն պատասխանատվությունից, որը կարող է առաջանալ Հայաստանի նկատմամբ ծավալապաշտական նկրտումների, ռազմատենչ հռետորաբանության, Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման և այլ հանցանքների շարունակական քննարկման դեպքում։

Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին ապակառուցողականության և երկու երկրների միջև համաձայնության կայացմանը խոչընդոտելու մեջ, սակայն վերջին տարիներին խաղաղության բանակցություններում միայն Ադրբեջանն է, որ մշտական ռազմական սպառնալիքի, վերջնագրային խոսույթի, ռազմատենչ ծավալապաշտական և կայացած քաղաքական գործիչներին անհարիր տերմինաբանությամբ խոչընդոտել է փոխընկալելի համաձայնության կայացմանը։ Հայաստանի հասցեին Ադրբեջանի անտեղի մեղադրանքները միջոց են աշխարհին և սեփական հանրությանը համոզելու, թե Հայաստանը «ագրեսոր» պետություն է, մինչդեռ Ադրբեջանի ռազմական բյուջեի ամենամյա անշեղ ավելացումները, զորավարժությունները, ռազմական պոտենցիալի մեծացումը և դրան զուգահեռ ագրեսիվ ծավալապաշտական պետական և մերձպետական քարոզչությունը փաստում են հակառակը։ 1994 թ․ ի վեր Հայաստանը երբեք հարձակման չի դիմել Ադրբեջանի դեմ, մինչդեռ 2016 թ․ քառօրյա, 2020 թ․ 44-օրյա լայնամասշտաբ պատերազմները, 2021- 2022 թթ․ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ռազմական ոտնձգությունները և օկուպացիան, 2023 թ․ Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումը իրական ապակայունացման ամենավառ օրինակներն են։

Ադրբեջանը հայտ է ներկայացնում ստանձնելու տարածաշրջանային ոստիկանի գործառույթները՝ իրենց վերապահելով այլ երկրների ներքին գործերին և արտաքին հարաբերություններին միջամտելու և իր «հեղինակավոր» կարծիքին ու ձգտումներին համապատասխանեցնելու առաքելությունը, մինչդեռ Ադրբեջանի առաջ պետք է դրվեն այնպիսի լրջագույն պատասխանատվություններ, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղի հայության միջազգայնորեն երաշխավորված վերադարձի իրականացումը։ Միևնույն միջազգային կառույցները, որոնց գործունեությունից դժգոհում է Ադրբեջանը, պետք է բարձրաձայնեն նաև պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի հայության նկատմամբ 1988-1992 թթ․ էթնիկ զտումների և բռնի տեղահանման խնդիրը և օգտագործեն իրենց մանդատը այս կնճռոտ իրողության արդարացի լուծման համար։

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը դատապարտում է ադրբեջանական բառաքաղաքական արկածախնդրությունները և կոչ անում միջազգային հանրությանը մեծացնել ճնշումը Ադրբեջանի նկատմամբ՝ ստիպելով գնալ արդարացի ու միջազգայնորեն իրավական լուծումների՝ մարդու իրավունքների ամբողջական և երաշխավորված պաշտպանվածության հուսալի մեխանիզմներով»։

  • Կիսվել: