կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը կոչ է հղել Հայաստանի անկախության 32-ամյակի կապակցությամբ

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը կոչ է հղել Հայաստանի անկախության 32-ամյակի կապակցությամբ

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հպարտությամբ շնորհավորում է հայ ժողովրդին Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնման կապակցությամբ՝ միջազգային կազմակերպություններին, քաղաքակիրթ հանրությանը կոչ անելով անհապաղ միջամտել՝ կանխելու համար Լեռնային Ղարաբաղի հայությանը սպառնացող բնաջնջումը, կանգնեցնելու աղետը, պահպանելու Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության ֆիզիկական անվտանգությունը։

Միության կոչում նշված է. «32 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի բնակչության ընտրելու իրավունք ունեցողների 94,39 %-ը կողմ քվեարկեց Հայաստանի անկախությանը։ Հայաստանի անկախացումը հետևանք էր նաև Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության՝ ինքնորոշման իրավունքի դեմ անհամաչափ պատասխանով սանձազերծված պատերազմի։

Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների խնդիրն այսօր էլ առաջնային է Հայաստանի Հանրապետության համար։ Անկախության հռչակումից 32 տարի անց դարձյալ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը կանգնած է Ադրբեջանի կողմից միտումնավոր հարուցված ֆիզիկական գոյության ամենաուղակի վտանգի առաջ։ Սեպտեմբերի 19-20-ի պատերազմով Ադրբեջանը սկսել է էթնիկ զտման նոր փուլ՝ ֆիզիկական հյուծումից անցնելով ֆիզիկական բնաջնջման։ Ադրբեջանի նման գործելակերպը եթակա է անհետաձգելի միջամտության միջազգային հանրության կողմից։

Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, մի շարք երկրների և հեղինակավոր գործիչների կոչերը շարունակաբար անտեսվել և անտեսվում են Ադրբեջանի կողմից։ Ուժի միջոցով խնդիրների լուծումը շարունակում է լինել Ադրբեջանի հայատյաց քաղաքականության գլխավոր բնորոշիչը։ Պարբերաբար պատերազմական գործողությունների դիմելով, ծավալապաշտական հռետորաբանությամբ ադրբեջանական իշխանությունները փաստացի հրաժարվում են կառուցողական մոտեցումից։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը կոչ է անում միջազգային կազմակերպություններին, քաղաքակիրթ հանրությանը անհապաղ միջամտել՝ կանխելու Լեռնային Ղարաբաղի հայությանը սպառնացող բնաջնջումը, կանգնեցնելու աղետը, պահպանելու Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության ֆիզիկական անվտանգությունը։

Մենք պահանջում ենք ռուսական խաղաղապահ առաքելությունից հավատարիմ մնալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և կատարել դրանով ստանձնած պարտավորությունները՝ ապահովել Լեռնային Ղարաբաղի հայության ֆիզիկական անվտանգությունը։ Պահանջում ենք ադրբեջանական իշխանություններից դադարեցնել ցեղասպան գործողությունները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, կատարել Մարդու իրավունքների հռչակագրով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների, հավատարիմ մնալ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը»։

  • Կիսվել: