երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ֆրանսիան լիովին հավատարիմ է մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի իր դերին. դեսպան Անն Լույո

Ֆրանսիան լիովին հավատարիմ է մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի իր դերին. դեսպան Անն Լույո

Ֆրանսիան աջակցում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը և լիովին հավատարիմ է մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի իր դերին: Այդ մասին Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ Երևանի դեսպանությունում կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն:

Իր ելույթում դեսպան Լույոն նշեց, որ Բաստիլի գրավման օրը՝ Հուլիսի 14-ը, որը Ֆրանսիայում նշվում է որպես Ազգային տոն, լավ առիթ է հիշեցնելու ոչ միայն Ֆրանսիայի՝ «խորապես եվրոպական երկիր» լինելու, որոշակի արժեքներին, մարդու իրավունքների պաշտպանությանը, լեզվամշակութային բազմազանությանը իր հավատարմության, այլև Ֆրանսիայի և Հայաստանի եղբայրական կապերի և ընդհանուր հանձնառությունների մասին:
 

Ըստ դեսպանի՝ Ֆրանսիան հանուն ժողովրդավարության ողջունում է Հայաստանում օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված կառավարության բարեփոխումները, իսկ հանուն անվտանգության՝ աջակցում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը:

«Հանուն անվտանգության՝ Ֆրանսիան, ինչպես գիտեք, աջակցում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը, որը կերաշխավորի տարածաշրջանի բոլոր բնակիչների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ ապրելու իրավունքը: Այս համատեքստում, Ֆրանսիան, ինչպես Միացյալ Նահանգները, լիովին հավատարիմ է մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի իր դերին: Ֆրանսիան, բնականաբար, սատարում է այս ուղղությամբ Եվրամիության կողմից գործադրվող ակտիվ ջանքերը», - հայտարարեց Ֆրանսիայի դեսպանը:

Դեսպան Լույոյի խոսքով՝ Հուլիսի 14-ը լոկ պատմական իրողություն չէ, այն ապագայի և կամքի խորհրդանիշն է, իսկ Հայաստանը բնական խաչմերուկ է, կամուրջ ազդեցության ոլորտների, մշակույթների, առևտրային շուկաների միջև, և Ֆրանսիան վճռական է օգնել Հայաստանին վերականգնելու այս ավանդույթը՝ օգնելով նրան կարգավորել հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ:

«Մենք ողջունում ենք այս ուղղությամբ գործադրված կառավարության ջանքները», - հավելեց Ֆրանսիայի դեսպանը:

  • Կիսվել: