հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2026
Եվրամիությունը բարձր է գնահատում Հայաստանի հետ գործընկերությունն օրենքի գերակայության ամրապնդման ոլորտում. Վասիլիս Մարագոս

Եվրամիությունը բարձր է գնահատում Հայաստանի հետ գործընկերությունն օրենքի գերակայության ամրապնդման ոլորտում. Վասիլիս Մարագոս

Եվրոպական միությունը բարձր է գնահատում Հայաստանի հետ գործընկերությունը արդարադատության ոլորտում բարեփոխումների առաջխաղացման, օրենքի գերակայության ամրապնդման գործում։

Այս մասին Երևանում անցկացվող «Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակ» երկօրյա միջոցառման բացման արարողության ժամանակ այդ մասին նշել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը։

Նրա դիտարկմամբ՝ վերջին տարիներին Հայաստանը զգալի ջանքեր է գործադրել երկրի իրավական և ինստիտուցիոնալ շրջանակը արդիականացնելու, իրավապահ և դատախազական ծառայությունների արդյունավետությունը բարելավելու և իր գործելակերպը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու համար։

Անդրադառնալով անցկացվող համաժողովի նշանակյանն ու կարևորությանը՝ Վասիլիս Մարագոսը նշեց, որ «Լավ կառավարման» գործընկերության միջոցով Եվրոպական միությունը և Եվրոպայի խորհուրդը շարունակում են համատեղ աշխատել՝ աջակցելու օրենքի գերակայությանը, ժողովրդավարական կառավարմանը, ինչպես նաև արդարադատության ինստիտուտներն ամրապնդող բարեփոխումներին: Նրա բնորոշմամբ՝ սա վերաբերում է ամբողջ Արևելյան գործընկերության տարածաշրջանին։

«Այսօր մեր առջև ծառացած մարտահրավերները չեն սահմանափակվում ազգային սահմաններով։ Հանցավոր ցանցերը միջազգային համագործակցություն են իրականացնում։ Մեր արձագանքը պետք է շատ լավ համակարգված լինի։ Այսպիսի համաժողովները արժեքավոր հնարավորություն են ընձեռում միմյանցից սովորելու, գործնական փորձ փոխանակելու, ի հայտ եկող սպառնալիքները բացահայտելու, մասնագիտական ​​ցանցեր կառուցելու, որոնք կարևոր են արդյունավետ միջազգային համագործակցության և սահմաններից դուրս վստահություն կառուցելու համար։ Ես վերահաստատում եմ Եվրոպական միության ամուր աջակցությունն այս նախաձեռնությանը և մեր շարունակական գործընկերությանը Հայաստանի, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի հետ»,-ընդգծեց Վասիլիս Մարագոսը։

Նրա խոսքով՝ Հայաստանն առանձնանում է ժողովրդավարության նկատմամբ  նվիրվածությամբ և շատ կարևոր բարեփոխումներ իրականացնելու վճռականությամբ:

Մարագոսի խոսքով՝ Եվրոպական միությունը ֆինանսական ակտիվների վերականգնումը և բռնագրավումը դրել է լուրջ և կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի ջանքերի կենտրոնում:

«Փողի հետևից գնալը շատ հաճախ հանցավոր ցանցերը քանդելու ամենաարդյունավետ միջոցն է: Հանցագործներին իրենց շահույթից զրկելը ոչ միայն արդարադատություն է ապահովում, այլև վերացնում է հանցավոր գործունեությունը խթանող ֆինանսական խթանները: Ակտիվների արդյունավետ վերականգնումն անմիջականորեն նպաստում է հանրային վստահության բարձրացմանը արդարադատության համակարգի, ժողովրդավարության և ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ: Միևնույն ժամանակ, մեր ջանքերը պետք է մնան ամուր հիմքերի՝ մարդու իրավունքների, պատշաճ դատավարության և իրավական որոշակիության հարգանքի վրա: Սեփականության իրավունքների պաշտպանությունը, դատական ​​վերահսկողությունը, համաչափությունը և ընթացակարգային երաշխիքները ակտիվների վերականգնման ցանկացած հաջողված շրջանակի էական տարրեր են:

Եվրոպական Միությունը ողջունում է բռնագրավված և առգրավված ակտիվների կառավարմանը տրվող աճող ուշադրությունը, իսկ ակտիվների պատշաճ կառավարումը հաճախ անտեսված, բայց վերականգնման գործընթացի կարևորագույն բաղադրիչ է»,-ընդգծեց Հայաստանում ԵՄ դեսպանը։

 

  • Կիսվել: