հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Եվրախորհրդարանականների հայտարարությունը չունի իրավական ուժ

Եվրախորհրդարանականների հայտարարությունը չունի իրավական ուժ

«Հայաստանի եւ Ադրբեջանի հարցերով Եվրախորհրդարանի համազեկուցողներ Տրայան Բասեսկուն, Ժելենա Զավկոն, ինչպես նաեւ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ խորհրդարանական համագործակցության կոմիտեի նախագահ Մարիա Կալյուրանդը համատեղ հայտարարություն են ընդունել՝ «Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ նոր մայրուղու կառուցման» վերաբերյալ:

«Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Նարեկ Մինասյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նշեց, որ հայտարարության մեջ տեղ գտած ձեւակերպումներն ինքնին կանխակալ են, միակողմանի եւ հակասական․ «Նրանք հաստատական աջակցություն են հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին եւ նրանց 2009 թ. հիմնարար սկզբունքներին, սակայն  բացահայտորեն աղավաղում են այդ սկզբունքների էությունը: Հայտարարությունում կիրառված բառակազմն անընդունելի է, քանի որ կանխորոշում է Արցախի վերջնական կարգավիճակը եւ սահմանափակում է ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը: Իսկ Արցախյան հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքներից մեկն ինքնորոշման իրավունքն է, որը պետք է իրացվի առանց որեւէ սահմանափակման»:

Փորձագետը նկատեց, որ այդ պաշտոնյաների կողմից համատեղ հայտարարություն նախկինում չի ընդունվել: Ավելին, հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցերը դուրս են խորհրդարանական համագործակցության կոմիտեների իրավասությունների շրջանակից: Բացի այդ, հայտարարությունն աչքի է ընկնում ընդգծված միակողմանի շեշտադրումներով, որոնք ոչ միայն չեն արտահայտում Եվրամիության պաշտոնական դիրքորոշումը, այլ նաեւ համահունչ չեն Եվրախորհրդարանի կողմից նախկինում ընդունված բանաձեւերին եւ հայտարարություններին: «Երեք խորհրդարանականների կողմից նման հայտարարության ընդունման գործընթացում նկատելի են ադրբեջանական լոբբիստական ջանքերը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ սա ընդամենը հայտարարություն է, որը չունի որեւէ իրավական ուժ: Միակ իրավական ուժ ունեցող փաստաթուղթը, որտեղ ամրագրված է ԵՄ պաշտոնական դիրքորոշումը Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ` ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է, որն, ի դեպ, վավերացվել է նաեւ Եվրախորհրդարանի կողմից»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք թերթի«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում

  • Կիսվել: