Պետք է վստահ լինենք, որ Արցախում իշխանությունը հայրենասերներինն է, սպասեք մի քանի ժամ. Հայկ Մամիջանյան
Ինչքան էլ Հայաստանի իշխանությունները փորձեն քարոզել, թե Արցախը չունի դաշնակիցներ, ապա Արցախն ունի հզոր դաշնակիցներ, եւ դա տեսանելի է թե՛ հրապարակային, եւ թե՛ ոչ հրապարակային հայտարարությունների հետ կապված: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Ֆիքսենք, որ շատ քննարկվեց այն, որ գործող իշխանություններից որեւէ մեկը չի շնորհավորել նախագահ Շահրամանյանին, կարծում եմ՝ սա լավագույնս արդեն ակնհայտ ցույց է տալիս իրենց վերաբերմունքը Արցախի լեգիտիմ ընտրված ինստիտուտներին: Ես կուզեի հղում անել 1-2 օրերի ընթացքում ծավալվող իրադարձություններին, մասնավորապես նախագահ Շահրամանյանի ընտրության հետ կապված միջազգային արձագանքին: Արձանագրենք, որ աշխարհաքաղաքական դերակատարներից միայն Ռուսաստանի Դաշնությունն է, որ որեւէ բացասական արձագանք Շահրամանյանի ընտրությանը չի արել: Հետեւություն, որ ինչքան էլ իշխանությունները փորձեն քարոզել, թե Արցախը չունի դաշնակիցներ, ապա Արցախն ունի հզոր դաշնակիցներ, եւ դա տեսանելի է թե հրապարակային, եւ թե ոչ հրապարակային հայտարարությունների հետ կապված: Կոչ եմ անում որոշ ժամանակ սպասել, խոսքը ժամերի մասին է, եւ վստահեցնում եմ, որ բոլորը կհասկանան, թե ինչ գործընթաց է տեղի ունենում եւ ինչ արդյունքներ գրանցեց Արցախի նորընտիր ղեկավարությունը»,- նշեց պատգամավորը:
Մամիջանյանի խոսքով՝ պետք է վստահ լինենք, որ Արցախում իշխանությունը հայրենասերներինն է. «Արցախում իրավիճակը կյանքի ու մահվան ժամերի հարց էր թե՛ պարենի, եւ թե՛ մնացած այլ: Որոշումները եւ գործընթացները անհրաժեշտ է գնահատել փաթեթային եւ ամբողջական, վստահ եմ, որ մոտ ժամանակներս մենք հնարավորություն կունենանք հասկանալու ամբողջական թե այս գործընթացն ինչի էր միտված: Ավելի շատ հայրենասեր քան այն մարդիկ, ովքեր 9 ամիս շարունակ սովի եւ վերահաս վտանգի պայմաններում պաշտպանում են իրենց եւ մեր հայրենիքում ապրելու իրավունքը, իրենցից ավելի հայրենասեր մենք հաստատ չենք»:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա այն խոսքին, թե ափսոսանք է հայտնում, որ Արայիկ Հարությունյանը հրաժարական է ներկայացրել Արցախի նախագահի պաշտոնից, ինչպես նաեւ այն հատվածին, թե Արցախում իրադրությունն այնպիսին է, որ Արցախի նոր նախագահին շնորհավորելու շատ բան չկա էլ, Մամիջանյանն արձագանքեց.
«Նորմալ է, որ նա ափսոսանք հայտնեց, որ Արայիկ Հարությունյանը հեռացավ, սովորաբար հայ ազգը ինչից ուրախանում է, Փաշինյանը դրա վերաբերյալ ափսոսանք է հայտնում, դա ակնհայտ է, այդպես էլ պիտի լիներ: Նրա ընտրությամբ Հայաստանի իշխանությունը ոգեւորված կլինի, երբ ադրբեջանական կամ թուրքական բանակը տեսնի Երեւանի մատույցներում: Արցախը պիտի դիմանա, մինչեւ Երեւանը փոխի: Այլ տարբերակ երկու հայկական պետությունների գոյության չունի: Երեւանը փոխվելու է հայրենասերների քրտինքով, եթե Փաշինյանը անմտություն անի, նաեւ արյամբ: Ես վստահ եմ, որ հայրենիքի գոյությունը, ապագան արժանի է ցանկացած զոհողության»: