երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Եթե ՌԴ խաղաղապահ զորախումբը ԼՂ-ից դուրս է գալիս, պետք է գնա Ռուսաստան, ՀՀ-ում նրանց մնալու ոչ մի իրավական հիմնավորում չկա ու չի կարող լինել. Փաշինյան

Եթե ՌԴ խաղաղապահ զորախումբը ԼՂ-ից դուրս է գալիս, պետք է գնա Ռուսաստան, ՀՀ-ում նրանց մնալու ոչ մի իրավական հիմնավորում չկա ու չի կարող լինել. Փաշինյան

ԼՂ-ում ռուս խաղաղապահների մնալ-չմնալու հարցը միայն մեզնից չէ կախված, որովհետեւ մենք գիտենք նաեւ, որ այդ թեմայով ՌԴ-ն որոշակի քննարկումների մեջ է Ադրբեջանի հետ: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հաղորդավար Պետրոս Ղազարյանի հարցին, թե պե՞տք է ռուս խաղաղապահները մնան Արցախում, թե ոչ:

«Մեզ հետ էլ ունեն քննարկումներ: Այս հարցի հետ կապված ես չեմ կարող շատ ուղիղ եւ կոնկրետ պատասխան տալ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե՝ եթե ռուս խաղաղապահներն Արցախից դուրս գան, հնարավո՞ր է, որ գան Հայաստան եւ մնան Հայաստանում, վարչպետն ասաց. «Ես դրա մեջ տրամաբանություն չեմ տեսնում, որովհետեւ նրանք ԼՂ-ում Ռուսաստանի խաղաղապահի զորախումբն են, եթե նրանք ԼՂ-ից դուրս են գալիս, պետք է գնան Ռուսաստան: Այլ հարց՝ նրանք Ադրբեջանո՞վ կգնան դեպի Ռուսաստան, թե՞ Հայաստանով: չեմ կարծում, թե դա սկզբունքային հարց է: Բայց Հայաստանում նրանց մնալու ոչ մի իրավական հիմնավորում չկա եւ չի կարող լինել»:

Հարցին, թե կա՞ ռուսական 102-րդ ռազմաբազայի՝ Հայաստանում մնալ-չմնալու խնդիր՝ հաշվի առնելով, որ վաղը կարող է հարձակվեն Հայաստանի վրա, եւ Ռուսաստանն էլի հայտարարի, որ սահմանները սահմանագծված չեն, Փաշինյանը պատասխանեց. «Ռուսական ռազմակայանի՝ Հայաստանում գտնվելու հիմքերը շատ պարզ են, այդ հիմքերը շարունակում են գոյություն ունենալ, եւ մենք դրա հետ կապված ոչ մի հարց չենք բարձրացնում»:

 

  • Կիսվել: