ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Եթե Փաշինյանն ունենար ժողովրդի վստահությունը, նա աներկբա կգնար հանրաքվեի. Շարմազանով

Եթե Փաշինյանն ունենար ժողովրդի վստահությունը, նա աներկբա կգնար հանրաքվեի. Շարմազանով

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ժողովրդի մեծ մասի վստահությունը չունի։ Այս կարծիքին է «Հայաստանի Հանրապետական» կուսակցության Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Շարմազանովը նշեց, որ եթե վարչապետն ունենար ժողովրդի վստահությունը, նա աներկբա կգնար հանրաքվեի, ամեն ձև կգնար հանրաքվե անցկացնելուն։

«Բայց ինքը հասկացավ, որ չունի ժողովրդի մեծամասնության աջակցությունը, և «հանրաքվե կամպանիան» վերածվեց Ազգային ժողովի էն 88-89 պատգամավորին «Քրեական օրենսգրքով ուշ թե շուտ դատվելու գործընթացին»։ Որովհետև այն, ինչ նրանք արեցին, սահմանադրական կարգի յուրացում էր»,- հավելեց նա՝ անդրադառնալով Ազգային ժողովի իշխող ուժի կողմից ընդունված «Սահմանադրության փոփոխություններ»-ի նախագծին։

Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Հայաստանում նիկոլիզմի ժամանակաշրջան է։

«Երկու տարի շարունակ ապրում ենք նույն ժամանակաշրջանում, որը ժողովրդավարության հետ որևէ աղերս չունի․նիկոլիզմի ժամանակաշրջանում»։

Անդրադառնալով Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե հաջորդ խորհրդարանում տեղ չեն ունենա այն ուժերը, որոնք չեն եղել 2018 թվականի թավշյա հեղափոխության ջատագովները, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ այդպիսի հայտարարությունները բնորոշ են բռնապետերին՝ Ներոնին, Կալիգուլային, Գեբելսին, Հիտլերին, Ֆրանկոյին, Պինոչետին։

Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակում ՀՀԿ-ի գործողություններին, բանախոսը նշեց, որ կուսակցութունն օգտագործել և օգտագործելու է թե՛ իր միջազգային կապերը, թե՛ ներքաղաքական կապերը, թե՛ ազդեցությունը հանրության «աչքերը բացելու համար»։

«Սա երկարատև պայքար է։ Մենք իլյուզիաներ չունենք, որ սա վաղն ավարտվելու է կամ վաղը չէ մյուս օրը, եթե Նիկոլը գնա, ուրիշը գա, ամեն ինչ լավ է լինելու։ Ես մեկ անգամ ասել եմ․ Նիկոլ Փաշինյանից հետո եկող կառավարությունը և իշխանությունը պետք է լինեն ռոմանտիկներ, հայրենասերներ, քաղաքական ռոմանտիկներ, որովհետև ավերակների վրա գալ կառավարելը, գիտե՞ք՝ ինչ է։ Ինքն ավերել է ամեն ինչ»,- ասաց նա։    

  • Կիսվել: