կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Եթե որեւէ մեկն իրեն խեղկատակի կամ ծաղրածուի տեղ է դնում, էդ ուրիշ պրոբլեմ է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանին

Եթե որեւէ մեկն իրեն խեղկատակի կամ ծաղրածուի տեղ է դնում, էդ ուրիշ պրոբլեմ է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանին թվում է, թե երկիրը սեփական դյուքանն է, եւ կարա ոտքի վրա որոշի պատգամավորներին արգելել իրենց լիազորությունների շրջանակներում գործունեություն ծավալել: Այս մասին, այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Անցած հարցուպատասխանին, որ ոտքի վրա որոշում էիք՝ մենք իրավունք ունենք ծանոթանալ այս կամ այն փաստաթղթին, հետո թութակի պես ԱԳՆ-ն անհասկանալի մի ձեւակերպում է տալիս, դա չի նշանակում, որ ամեն ինչ վերջացած է:

Իրականում Ադրբեջանի հետ բանակցություններում սեղանի վրա դրված փաստաթղթերին, որ մենք ծանոթանում էինք, նաեւ հանրությանը բոլոր կետերը չբացահայտելով մեր անհանգստություններ էինք  փոխանցում, հասկանում էին՝ ինչ ենք անում: Հասկանում էինք, որ պետք է դիմագրավենք այս իշխանությունների  ամիսներ շարունակ այն մանիպուլյցիային, կեղծիքին, սեփական ժողովրդին խաբելուն, թե ժողովուրդ, երկնքից իջել է խաղաղությունը, հեսա-հեսա ստորագրում ենք, մենք ասում էինք՝ սուտ է: Մենք տեսնում էինք այն կետերը, որոնք այդ փաստաթղթերում ներկայացնում է Ադրբեջանը, տեսնում էինք վտանգները:

Հասկանալով, որ դա դժվար է հրամցնել ժողովրդին, կառավարությունը հատիկ-հատիկ, առանց ստորագրելու փորձում է ի կատար ածել այդ բոլոր պահանջները, որ վերջում մի սպիտակ թքուղթ բերի, ասի՝ տեսեք, խաղաղության, ավելի ճիշտ պարտության դրոշը բերել եմ վավերացնելու»,-ասաց Գեղամ Մանուկյանը:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես գիտեմ իմ լիազորությունները, կարող եմ, կայացնել որոշումներ եւ կայացնում եմ իմ լիազորությունների շրջանակում որոշումներ: Ես չեմ կարող սահմանափակել որեւէ պատգամավորի լիազորություններն ու մանդատը, բայց ես կարող եմ սահմանել որոշակի տրամաբանություն, կարգ, նաեւ արձագանքել որոշակի իրադարձությունների:

Եթե ձեզ թվում է, թե կառավարությունը երկրի անվտանգության հետ կապված խնդիրները պետք է մատուցի ձեզ, որպեսզի դուք ձեր նեղ քաղաքական շահերի շուրջ, իրականության հետ աղերսներ չունեցող բեմադրություններ ներկայացնեք, դուք սխալվում եք: Այո, ես կայացրել եմ որոշում, եւ նստած եմ եղել այդ որոշումը կայացնելիս»:

Գեղամ Մանուկյանն արձագանքեց. «Ինչ վերաբերում է բեմադրությանը, այստեղ դերասան նստած չի: Եթե որեւէ մեկն իրեն խեղկատակի կամ ծաղրածուի տեղ է դնում, էդ ուրիշ պրոբլեմ է»:

  • Կիսվել: