երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Եթե օրենքը հակասահմանադրական լիներ, ՀՀ նախագահը չէր ստորագրի և կդիմեր Սահմանադրական դատարան. Ստեփան Սաֆարյան

Եթե օրենքը հակասահմանադրական լիներ, ՀՀ նախագահը չէր ստորագրի և կդիմեր Սահմանադրական դատարան. Ստեփան Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանը հիացած չի եղել Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու մասին օրենքով, բայց վստահ է՝ ՀՀ նախագահը հակասահմանադրական օրենք չի ստորագրել:

«Ես այդ օրենքով հիացած չեմ եղել, այդ օրենքի վերաբերյալ իմ փորձագիտական քննադատությունը հնչեցրել եմ, բայց ոչ այն կտրվածքով, որ դա հակասահմանադրական է: Վստահ եմ՝ եթե դա հակասահմանադրական լիներ, նախագահի գրասենյակը չէր ստորագրի և կդիմեր Սահմանադրական դատարան՝ դրա սահմանադրականությունը վիճարկելու համար», -InfoPort.am-ի հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանը:

Նրա խոսքով, Սահմանադրական դատարանի անդամների կարգավիճակի հստակեցման խնդիր կա, ինչն էլ հանգեցրել է Սահմաանդրական դատարանի շուրջ ճգնաժամի: Մեր հարցին, թե եթե Սահմանադրական դատարանի դատավորները, այդուհանդերձ, հրաժարական չտվեցին, ինչպե՞ս է պատկերացնում ՍԴ-ում ճգնաժամի լուծումը, Սաֆարյանը դժվարացավ պատասխանել.

«Սահմանադրական դատարանը ձևավորող երեք սուբյեկտ կա, թող այդ սուբյեկտները միավորվեն, քննարկեն ու հասկանան, թե ինչ լուծումներ են տալիս այդ հարցին»:

ՀԽ նախագահը չբացառեց, որ Հանրային խորհուրդը և դրա համապատասխան հանձնաժողովը ինչ-որ պահի քննարկեն հարցը ու դրա շուրջ փորձագիտական դիրքորոշում հայտնեն:

Հիշեցնենք՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում կատարված փոփոխություններով կառավարությունն առաջարկում էր ՍԴ անդամներին «պատվով հեռանալ»։ Եթե ՍԴ դատավորները մինչև 2020 թվականի հունվարի 31-ը ինքնակամ թոշակի գնան, ապա մինչև Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը կստանան կենսաթոշակ՝ պահպանելով աշխատավարձի և սահմանված հավելավճարի չափը: Այս նախաձեռնությամբ կառավարությունը հույս ունի լուծել ՍԴ-ի ճգնաժամը, որի մասին խոսում է իշխանությունը։ Ազգային ժողովի կողմից ընդունված այս օրենքը այսօր ստորագրել է ՀՀ նախագահը:

  • Կիսվել: