Ես պարտավոր եմ լուծել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Միքայել Մինասյանի խմբակների հարցը. Սիմոնյան
ՀՀ քաղաքացիները մեզանից պահանջում են, որ ՀՀ-ում դատական համակարգի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Միքայել Մինասյանի խմբակների հարցը լուծվի, ես պարտավոր եմ այդ հարցը լուծել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի ներսում ու դրսում կան պարտիզանական խմբեր, որոնք գնում են մեր օտարերկրյա գործընկերների մոտ, համոզում, դռան դեմը նստում, լաց լինում:
Սիմոնյանի խոսքերով, եղած արձագանքն էլ խաղաղության, լարվածության թուլացման կոչ է.
«Միևնույն ժամանակ եկեք տեսնենք, թե միջազգային զեկույցներն ինչ գնահատական են տալիս մեր երկրում իշխանության գործողություններին: Դրանք միշտ դրվել են երբևիցե եղած ամենաբարձր սանդղակին:Հայաստանում հիմա մենք ունենք խմբակներ, որոնց հարցը պետք է շուտափույթ լուծենք: Ես պատասխանատու եմ ՀՀ քաղաքացիների առջև»:
Ինչ վերաբերում է ընդդիմության դիտարմանը, թե պետք չէ ամբողջ ժողովրդի անունից խոսել, Սիմոնյանն ասաց, որ դա դեմագոգիա է.
«Մենք խոսում ենք նրանց անունից, ովքեր մեզ ձայն են տվել: ՀՀ քաղաքացիները արտահայտվել են փոփոխության օգտին, ոչ թե որ Հրայր Թովմասյանը մնա ՍԴ նախագահ, ու ամենաթողություն թույլ տված մարդիկ չպատժվեն: Ինձ ձայն են տվել, որ փոփոխություններ անենք»:
Ալեն Սիմոնյանն ընդունում է, որ պետք չէ ամբողջ ժողովրդի անունից գնահատական տալ ու խոսել. «Գոյություն ունեն ընտրություններ»: