ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ես չեմ համարում օգտավետ, որ ՄԻՊ-ը հանրության առաջ առաջինը պետք է մի բան ասի. Գրիգորյան

Ես չեմ համարում օգտավետ, որ ՄԻՊ-ը հանրության առաջ առաջինը պետք է մի բան ասի. Գրիգորյան

Այսօր կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում լրագրողները ներողություն խնդրելով անընդհատ նախկինների հետ համեմատելու համար՝ հարց ուղղեցին ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանին, թե նախկինում սահմանի հետ կապված հարցերում ամենաառաջինը՝ թեկուզ գիշերվա 1-ին, 2-ին արձագանքում էր Արման Թաթոյանը՝ «մենք ՄԻՊ-ից էինք տեղեկատվություն ստանում: Հիմա դուք երկու օր հետո եք գնում, դեռ չեք գնացել, տեղ չեք հասել: Չե՞ք դանդաղում ձեր գործունեության մեջ»:

Հարցին ի պատասխան ՄԻՊ Գրիգորյանը պատասխանեց, որ դիրքերի տեղաշարժերին, ադրբեջանական զինված ուժերի, կամ հայկական զինված ուժերի տեղաշարժերին վերաբերող հարցերում բնական և տրամաբանական է համարում, որ դրա առաջին և ճշմարիտ, փաստի վրա հիմնված արձագանքը պետք է տա պաշտպանական գերատեսչությունը:

«Հիմա պարոն Թաթոյանին ուղղված, թե ինչու է նա ամենաառաջինը արձագանքել, կարծում եմ, սա անձնական մոտեցման հարց է, և պարոն Թաթոյանը, վստահ եմ, առիթներ կունենա Ձեր այդ հարցին պատասխանելու»,- ասաց Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է իր կողմից ուշացած արձագանքին Գրիգորյանը նշեց, որ իրենք այս ընթացքում հաղորդակցություն են իրականացրել, որոշակի տեղեկատվություն ճշտել, այցը՝ նախապատրաստել ու շտապ արձագանքման խումբը ճանապարհին է և պետք է հասնի ու տեղում ուսումնասիրություն կատարի:  

«Գիտեք ես հեռու եմ այն սկզբունքից և չեմ համարում դա օգտավետ՝ ՄԻՊ-ի մանդատի համար, էսպես՝ առաջինը լինելու, հանրության առաջ առաջինը մի բան ասելու ձգտմամբ: Դա միգուցե լրագրողների համար կարևոր է: Իմ մոտեցումն է, փաստերի վրա հիմնված մեթոդաբանությամբ, որը վայել է մարդու իրավունքների պաշտպանին արձագանքելը՝ թիրախում ունենալով մարդու իրավունքների պաշտպանության ասպեկտները և ոչ անվտանգության կամ զորքերի տեղաշարժի կամ այլ ռազմական գիտելիք»,- նշեց ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը:

  • Կիսվել: