Ես Ադրբեջանի և Ադրբեջանի ժողովրդի հետ ոչ մի խնդիր չունեմ, խնդիրն այլ տեղում է. Աղազարյան
Վերջերս ինձ անընդհատ հարց եմ տալիս՝ ինչու ՀՀ-ն խաղաղության պայմանագիր չի կնքում Վրաստանի, Իրանի կամ Թուրքիայի հետ, այլ ուզում ենք խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ։ Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Այստեղ տրամաբանական հարց կարող է առաջանալ, որովհետև մենք իրենց հետ պատերազմի մեջ ենք։ Իսկ ո՞վ է ասում, որ մենք իրենց հետ պատերազմի մեջ ենք, մենք իրենց հետ պատերազմի մեջ չենք եղել, ՀՀ-ն երբեք պատերազմի մեջ չի եղել Ադրբեջանի հետ։ Արցախի ժողովուրդը ոտքի է կանգնել իր ինքնորոշման իրավունքին տեր կանգնելու համար, Ադբեջանի այն ժամանակվա իշխանությունները ցանկացել են արյան մեջ խեղդել այդ ամենը, Արցախի մեր հայրենակիցներն էլ զենք են վերցրել իրենց իրավունքների պաշտպանության համար։ ՀՀ-ից տասնյակ հազարավոր քաղաքացիներ գնացել ու կանգնել են մեր հայրենակիցների կողքին՛՛:
Աղազարյանի խոսքով՝ ներկա պատգամավորներից ինքը միակն է, որը եղել է Հայաստանի նորագույն պատմության լեգիտիմ խորհրդարանների անդամ։ Նա նշեց, որ Հայաստանի լեգիտիմ ժամանակաշրջաններն են 1990 թվականից մինչեւ 1994 թվականը և 2018 թվականից մինչև մեր օրեր ընկած հատվածները ուստի, նրա խոսքով, մյուս իշխանությունների արածների համար իրենք չպիտի պատասխանատվություն կրեն։
՛՛1994 թվականին, երբ ստորագրվեց զինադադարը, ես կարծում էի, որ Հայաստանը որպես միջնորդ է հանդես գալիս հակամարտող կողմերի համար, բայց հետագայում Արցախը դուրս բերվեց բանակցություններից, իրենք էլ դափնիները քաշեցին իրենց վրա։ Ես, որպես իշխանավոր, պատասխանատու եմ իրենց արարաքների համար։ Ես Ադրբեջանի և Ադրբեջանի ժողովրդի հետ ոչ մի խնդիր չունեմ, խնդիրն այլ տեղում է։ Քաղաքականությանը, որն իրականացնում է մեր իշխանությունը, ես լիովին համամիտ եմ։ Այս մակարդակի քննարկում ես իմ համեստ կյանքի ընթացքում չեմ ունեցել, շնորհակալություն հնարավորության համար՛՛,-ասաց պատգամավորը:



