ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Երկուշաբթի գյուղապետերով հանդիպելու ենք Մհեր Գրիգորյանի հետ. քննարկելու ենք սահմանի հարցը. Կիրանցի գյուղապետ

Երկուշաբթի գյուղապետերով հանդիպելու ենք Մհեր Գրիգորյանի հետ. քննարկելու ենք սահմանի հարցը. Կիրանցի գյուղապետ

Երկուշաբթի գնալու ենք այս հարցը քննարկենք փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շաշինյանը:

«Մազպետն ասաց, որ երկուշաբթի  օրը ժամը 6-ից գնալու ենք Մհեր Գրիգորյանին հանդիպելու, էդ հարցը քննարկելու: Երբ դա կվերջնա, կգանք, արդեն կհասկանանք՝ ինչի հետ գործ ունենք ու կսկսենք մեր գործերը: Քննարկելու ենք սահմանի հարցը: Ես չեմ գնալու, գալու է  նաեւ Բերքաբերի գյուղապետը, նաեւ մնացած գյուղապետերը: Մեր նպատակն է սահմանը ճշտենք ու ճիշտ պահենք, անառիկ պահենք: Որ մոտիկ չլինենք, նրանք էն կողմում լինեն, մենք՝ էս կողմում»,-ասաց նա:

Նշենք, որ Տավուշում գիշերն իրավիճակը լարված է եղել, հարյուրավոր քաղաքացիներ միջպետական ճանապարհն են փակել Բաղանիսի և Կիրանցի հատվածում։

Մարդիկ են հավաքվել Բաղանիսից, Ոսկեպարից, Կիրանցից, Բարեկամավանից, Կոթիից, Դիլիջանից, Իջևանից և Տավուշի այլ բնակավայրերից։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երեկ տեղի է ունեցել երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ութերորդ հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: Մեր արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ այսօրվա հանդիպման արդյունքում նախնական համաձայնություն է ձեռք բերվել սահմանագծի Բաղանիս - Բաղանիս Այրում, Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա, Կիրանց - Խեյրումլի և Բերքաբեր - Կըզըլ Հաջիլի հատվածները համապատասխանեցնել Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին:

  • Կիսվել: