շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Երկրում քաղաքական կոռուպցիան աննախադեպ չափերի է հասել. Վանեցյանը՝ «Страна»-ին

Երկրում քաղաքական կոռուպցիան աննախադեպ չափերի է հասել. Վանեցյանը՝ «Страна»-ին

«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թենածու Արթուր Վանեցյանը ուկրաինական «Страна» պարբերականին հարցազրույց է տվել՝ ներկայացնելով, թե 2018-ից հետո մինչև 2020-ի պատերազմը ի՞նչ փոփոխություններ են Հայաստանում տեղի ունեցել կոռուպցիայի, տնտեսական զարգացման առումով։ 

Վանեցյանը նախ հիշեցրել է, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության է եկել փոփոխություններ անելու, լավ ապրելու, արդարություն հաստատելու խոստումներով։ Սակայն տարիների ընթացքում ոչ ոք, բացի իշխանության մերձավորներից, ավելի լավ չի ապրել։

«Փոխարենը նկատելի է գնաճ, գործազրկության մակարդակի աճ։ Նկատելի է ծայրահեղ աղքատությունը, տնտեսության կոլապսը, շանտաժն ու ճնշումը դատական իշխանության վրա, իրավապահ համակարգը այլակարծության դեմ պայքարի գործիք դարձնելը, բոլոր ոլորտներում ծայրահեղ ոչ կոմպետենտությունը․․․Բարի մտադրությունները վերածվեցին դժոխք ճանապարհի,- ասել է Վանեցյանը, ապա հավելել․ - մեզ մոտ, ցավոք, հենց այդ դեպքն է։ Հանցավորության, կոռուպցիայի դեմ պայքարը սպեկուլյատիվ հայտարարություններ էին»։

«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թենածուն նաև ընդգծել է, որ երկրում քաղաքական կոռուպցիան աննախադեպ չափերի է հասել։

«Օրինակ՝ քաղաքական հավատարմության դիմաց պետական ծառայողներին, խորհրդարանականներին չհիմնավորված միլիոնների պարգևավճարներ են բաժանվել։ Կամ պետական բարձր պաշտոնների նշանակումը՝ նվիրվածության սկզբունքով և այլն։ Կարելի է երկար թվարկել»,- ասել է Արթուր Վանեցյանը, ապա հավելել, որ «պետությունը ես եմ» բանաձևի պատճառով ժողովրդավարության մակարդակի անկում է գրանցվել, մարդու իրավունքները։

«Այս և նմանատիպ այլ երևույթները, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն 2018 թվականին փողոց դուրս եկած մարդկանց երազանքների հետ, ստացել են «նիկոլիզմ» անվանումը։ Սա Նիկոլի անունից առաջացած տերմին է ։ Նիկոլիզմը, կամ, ինչպես նրան այլ կերպ անվանում են Հայաստանում պանդեմիայից հետո, «նիկոլավիրուսը» պոպուլիզմի յուրօրինակ մուտացիա է, որը երկիրը և հասարակությունը հանգեցրել է պատերազմի, անկման և ավերածությունների»,- ասել է  Վանեցյանը։

Հարցազրույցի հղումը՝ https://bit.ly/3cMBwqd

  • Կիսվել: