կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երկրաշարժի հետևանքով անօթևանների թիվը շատ մեծ է. ՀՀ-ում Սիրիայի դեսպան

Երկրաշարժի հետևանքով անօթևանների թիվը շատ մեծ է. ՀՀ-ում Սիրիայի դեսպան

Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով անօթևանների թիվը շատ մեծ է, և հիմա առաջին խնդիրը մարդկանց կացարաններով ապահովելն է։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ–ում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանը։
«Առանց տան մնացածների և տուժածների հստակ թիվ չունենք, սակայն տուժածների թիվն էլ շատ-շատ է։ Այս պահին վերականգնման աշխատանքներ են իրականացվում, և կոչ կանեմ ՀՀ-ին նույնպես միանալ այդ աշխատանքներին»,–ասաց Արիսյանը։
 
Դեսպանը հավելեց, որ պատերազմից հետո շուրջ 20 000 սիրիահայեր տեղափոխվեցին ՀՀ, որոնց կեսը, ցավոք, մնաց Հայաստանում։
Նրա խոսքով` Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանի կողմից Սիրիային ուղարկած օգնությունը փաստեց, որ երկու երկրները կիսում են թե ցավը, թե ուրախությունը։
 
«Երկու երկրների համագործակցությունը բավական լայնաշերտ է։ Այժմ նախապատրաստական աշխատանքներ են կատարվում, որպեսզի Դամասկոսում երկու երկրների միջկառավարական համաժողով տեղի ունենա։ Առայժմ հստակ ժամկետներ չկան, քանի որ երկրաշարժից հետո Սիրիայի առաջնահերթությունները փոխվել են, միաժամանակ, Սիրիայում հարգանքով են մոտենում ՀՀ–ում քաղաքական, հետպատերազմյա իրավիճակին»,–ասաց դեսպանը։
Արիսյանը հայտնեց, որ երկրաշարժից հետո չնայած Արևմուտքը հայտարարեց, որ Սիրիայի դեմ պատժամիջոցները պետք է վերացնեն, և հումանիտար օգնություն ցուցաբերելու քայլեր արվեն, սակայն այդ ամենը մանիպուլյացիա է։ Նա վստահեցնում է, որ Արևմուտքն այդպես էլ մեծ քայլեր չձեռնարկեց և ծանր պատժամիջոցները չհանեց, ինչն անդրադարձավ տեղաբնակների սոցիալական վիճակի վրա։
 
Հարցին, թե Սիրիայի կառավարությունն արդյո՞ք արձագանքել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին` Արիսյանը պատասխանեց, որ նման հայտարարություն չի եղել։ Սակայն Սիրիայի կառավարությունը հիմնվում է Հայաստան-Սիրիա հարաբերությունների բարեկամական ընթացքի վրա և կողմ է, որ երկրները հարգեն իրար ինքնիշխան տարածքներն ու խաղաղ ապրեն։

  • Կիսվել: