երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Երկարատև կարգավորման համար առանցքային է առկա բոլոր խնդիրները լուծելու հրամայականը՝ առանց ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման. ԱԳ նախարար

Երկարատև կարգավորման համար առանցքային է առկա բոլոր խնդիրները լուծելու հրամայականը՝ առանց ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման. ԱԳ նախարար

Ադրբեջանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ավելի քան երկու տարի անց էլ հրաժարվում է վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին ու պատանդառված քաղաքացիական անձանց՝ խախտելով հայտարարության դրույթները:

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
 
«Չնայած Հայաստանի՝ առկա խնդիրները կառուցողական բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությանը, Ադրբեջանը շարունակում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի օկուպացիան և ագրեսիվ գործողությունները, որոնք սադրիչ են և հակասում են Պրահայի և Սոչիի հանդիպումների արդյունքով ընդունված հայտարարություններին»,- ընդգծեց Արարատ Միրզոյանը՝ հիշեցնելով, որ այս հայտարարությունների համատեքստում հիմնարար դեր ունի Ալմա-Աթայի հռչակագիրը, որին հայկական կողմը եղել և մնում է լիովին հավատարիմ:
 
Նախարարը նկատեց՝ հայկական կողմը հավատարիմ է տարածաշրջանում կայունության հաստատման ուղղությամբ ջանքերի գործադրմանը: Այդ նպատակով՝ Հայաստանը շարունակում է բանակցություններն Ադրբեջանի հետ՝ հարաբերությունների կարգավորման պայմանագրի նախագծի շուրջ:
 
«Պետք է ընդգծեմ, որ համապարփակ ու երկարատև կարգավորման համար առանցքային է առկա բոլոր խնդիրները լուծելու հրամայականն՝ առանց ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման, և միջազգայնորեն երախավորված երկխոսության ֆորմատի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրումը»,- եզրափակեց Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ Հայաստանն անկեղծորեն ակնկալում է Ֆրանսիայի շարունակական ամուր ներգրավվածությունը և ջանքերը վերոնշյալ հարցերում:

  • Կիսվել: