ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երկար տարիների ընթացքում կուտակված խնդիրները բերել են մի իրավիճակի, երբ հանրային կառավարման համակարգը արդյունավետ չի աշխատում. Ավինյան

Երկար տարիների ընթացքում կուտակված խնդիրները բերել են մի իրավիճակի, երբ հանրային կառավարման համակարգը արդյունավետ չի աշխատում. Ավինյան

Մարտի 10-ին, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման խորհրդի նիստը: 

«Պետական կառավարման ոլորտում երկար տարիների ընթացքում կուտակված խնդիրները բերել են մի իրավիճակի, երբ հանրային կառավարման համակարգը արդյունավետ չի աշխատում և ոչ միշտ է կարողանում պատշաճ ու որակյալ ծառայություններ մատուցել մեր բնակչությանը։

Վստահորեն կարող եմ պնդել, որ այն բարեփոխումները, որոնք այսօր և առաջիկա 2 ամիսների ընթացքում պետք է ակտիվ քննարկումների առարկա դառնան և՛ մեր խորհրդում, և՛ հանրային լայն շրջանակներում, պետական կառավարման համակարգին կօժտեն իր առաքելությունն իրականացնելու համար ավելի արդյունավետ կարողություններով, գործիքներով և մեխանիզմներով: Եվ ընդհանուր  առմամբ, այդ առաքելությունը հետևյալն է. մատուցել  բարձրորակ հանրային ծառայություններ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և արդյունավետ որոշումների միջոցով  ապահովել Հայաստանի կայուն զարգացումը, բարեկեցությունն ու առաջընթացը:

Այսքանով կեզրափակեմ իմ ելույթը, որպեսզի ավելի շատ ժամանակ ունենանք բովանդակային քննարկում իրականացնելու համար: Այնուամենայնիվ, կարևոր եմ համարում նշել, որ բոլորին ուղարկված ռազմավարության երեք բաժինների նախագծերը,  ինչպես նաև գործողությունների ծրագիրը դեռևս մշակման փուլում են: Հետևապես, այսօրվա քննարկումը, կարծում եմ, մեծ ներդրում է լինելու այդ ռազմավարության և գործողությունների ծրագրի, ինչպես նաև արդյունքային ցուցանիշների համար:

 

Կցանկանայի նաև շնորհակալություն հայտնել բոլոր այն հանրային ծառայողներին, որոնք մասնակցել են աշխատանքային խմբերի աշխատանքներին: Եվ, իհարկե, բոլոր այն բարձրաստիճան պաշտոնյաներին և  փորձագետներին, որոնք մասնակցել են խորքային հարցազրույցներին»:

Այնուհետև մանրամասնորեն քննարկվել են հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության տեսլականը ու բարեփոխումների առաջին փուլի օրակարգը»,-ասել է Տիգրան Ավինյանը։

  • Կիսվել: