երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Երևանում շարունակվում են անհնազանդության ակցիաները

Երևանում շարունակվում են անհնազանդության ակցիաները

Երևանում բողոքի ակցիաները շարունակվել են նաև սեպտեմբերի 22-ի առավոտից: Մի խումբ քաղաքացիներ առավոտյան հավաքվել են կառավարության շենքի մոտ՝ նպատակ ունենալով խոչընդոտել գործադիր մարմնի հերթական նիստը, որը, սակայն, մեկ ժամ շուտ էր մեկնարկել և ընթացել անխափան:

Ոստիկանության միջամտությամբ ցուցարարների ակցիան դադարեցվել է։ Իրավապահ մարմինների աշխատակիցները կառավարության շենքի մոտից բերման են ենթարկել մի քանի քաղաքացիների։ Կեսօրին ցուցարարների և ոստիկանության աշխատակիցների միջև լարում է առաջացել։ Ոստիկանները հորդորել են ներկաներին դադարեցնել անօրինական գործողությունները, հակառակ դեպքում՝ ցուցարարների նկատմամբ կկիրառվի ուժ։ Այդուհանդերձ, ակցիայի մասնակիցները շարունակել են հավաքվել կառավարության շենքի դիմաց։

Քաղաքացիները փորձում են նաև փակել դեպի Հանրապետության հրապարակ տանող բոլոր ճանապարհները։ Փակ են մասնավորապես Նալբանդյան, Ամիրյան և Վազգեն Սարգսյան փողոցները։ Մարդիկ իրենց մեքենաները կանգնեցնում են խաչմերուկներին՝ կասեցնելով երթևեկությունը։ Ոստիկանությունը պատրաստվում է էվակուատորներ բերել և խաչմերուկներից տարհանել ավտոմեքենաները։ Փողոցներն արգելափակած մեքենաների վարորդներից իրավապահները վերցում են փաստաթղթերը՝ համապատասխան ակտեր արձանագրելու նպատակով։ Նրանք ցուցարարներին կոչ են անում բացել փողոցները՝ հակառակ դեպքում հայտնում են, որ ուժ կիրառեն։  

Առավոտյան կաթվածահար էր արվել մայրաքաղաքի երթևեկությունը. ակցիաների մասնակիցները մի քանի հատվածներում փակել էին փողոցները, չէին լսում ճանապարհները բացելու վարորդների հորդորները և իրավապահների օրինական պահանջները: Մի քանի րոպե փակ է եղել դեպի քաղաք մուտք ապահովող Մյասնիկյան պողոտան: Ակտիվիստները բարձրախոսներով ապակենտրոն ցանցային պայքար իրականացնելու կոչեր են արել։

  • Կիսվել: