կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երեւանի թիվ 29 դպրոցի աշակերտները դասադուլ են անում եւ փակել են Սարյան փողոցը

Երեւանի թիվ 29 դպրոցի աշակերտները դասադուլ են անում եւ փակել են Սարյան փողոցը

Երեւանի Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոցի մի խումբ աշակերտներ դասադուլ են հայտարարել եւ միացել Սարյան փողոցը փակած երիտասարդներին:

Աշակերտներից մեկը Facebook-ի իր «լայվ»-ում նշեց. «Մենք հիմա Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 դպրոցի աշակերտներով մեր դպրոցի դիմաց ենք, փակել ենք Սարյան փողոցը: Մենք դասադուլ ենք անում եւ կոչ ենք անում մյուս դպրոցների աշակերտներին միանալ մեզ: Մենք էլ ժամը 10-ին կմիանանք Հանրապետության հրապարակում գտնվող մեր մյուս քաղաքացիներին»:

Աշակերտները վանկարկում են «Արցախ», «Միացեք»:

Նշենք, որ այս պահին Երեւանի տարբեր փողոցներում բողոքի ակցիաներ են ընթանում: Մասնավորապես, փակվել են Մյասնիկյան պողոտան, Սարյան փողոցը: Անդրանիկ Թեւանյանին բերման են ենթարկել  Բուզանդի փողոցին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։

Երևանի տարբեր բուհերի ուսանողներ միացել են ակցիային և կոչ են անում բոլոր վարորդներին թողնել մեքենաներն ու միանալ իրենց։ Բոլորն ընդգծում են, որ Արցախում այսօր ցեղասպանություն է և պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել։ Ցուցարարները վանկարկում են՝ «Արցախ», «միացեք»։

Երևանի Հանրապետության հրապարակ բազմաթիվ ոստիկանական ուժեր են բերվել, իրավապահները շղթա կազմած կանգնած են կառավարության շենքի դիմաց։

Հիշեցնենք՝ ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը երեկ հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ից առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Համաժողովրդական շարժումը համակարգելու համար սկսել են ազգային կոմիտե ձևավորել։ Այն պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու կազմն է հայտնի` Հայկ Մամիջանյան, Ավետիք Չալաբյան, Անդրանիկ Թևանյան, Իշխան Սաղաթելյան։

  • Կիսվել: