երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Երդումներ ու պարտավորվածություններ դրժելու, բայց մանդատ պահպանելու նուրբ արվեստը. 2017-ի ընտրությունների պերճանքն ու թշվառությունը

Երդումներ ու պարտավորվածություններ դրժելու, բայց մանդատ պահպանելու նուրբ արվեստը. 2017-ի ընտրությունների պերճանքն ու թշվառությունը

Քիչ առաջ Ազգային անվտանգության Ծառայությունը տեսանյութ տարածեց, հրապարակելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից նախընտրական կաշառք բաժանելու մասին փաստեր և ապացույցներ:

Տեսանյութում երևում են նաև ԲՀԿ պատգամավորների կողմից իրենց առաջնորդին մանդատ ստանալու համար գրված պարտավորագրերը, որոնք հաճախ ստորացուցիչ բնույթ են կրում: Այդ պարտավորագրերով պատգամավորները հավաստում են, որ նրանց մանդատ ստանալու որոշումը, ինչպես նաև իրենց հետագա քաղաքական գործունեությունը կախված են լինելու բացառապես Գագիկ Ծառուկյանի կամքից: Ստորև ներկայացնում ենք, տեսանյութում հրապարակված պարտավորագրերի սղագրությունը և լուսանկարները:

Պատգամավոր Տիգրան Ուրիխանյան.

«Ես` Տիգրան Ուրիխանյանս, առաջադրվելով թիվ 2 ընտրատարածքից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով ռեյտինգային ընտրակարգով, հանձն եմ առել ապահովել հազար քվե, քաջ գիտակցելով, որ իմ հետագա գործունեությունը կախված է բացառապես կուսակցության առաջնորդ` Գագիկ Ծառուկյանի որոշումից: Ստանձնած պարտավորությունը չկատարելու դեպքում կհրաժարվեմ որևէ հավակնությունից նախընտրական ցուցակում լինելու վերաբերյալ»:

Պատգամավոր Սերգեյ Բագրատյան.

«Ես` Սերգեյ Բագրատյանս, առաջադրվելով ԲՀԿ ռեյտինգային ցուցակով, պարտավորվում եմ ընտրություններին ապահովել 7000 ձայն: Եթե չկարողանամ ապահովել այդքան ձայն, ապա պարտավորվում եմ Գագիկ Ծառուկյանի պահանջով հրաժարվել պատգամավորական մանդատից: Այս պայմանավորվածությունից հրաժարվողը` անբարոյականի զավակ է»:

Պատգամավոր Նապոլեոն Ազիզյան.

«Պարոն Ծառուկյան, ես քեզ հավատարիմ, նվիրած եմ և այդպես էլ կմնամ մինչև վերջ այս կյանքում, թող ոչ ոք չկասկածի այս կյանքում որ ձեր ցանկացած խոսք և ցանկությունը բոլոր պարագաներում ինձ համար ընդունելի է և այդպես կլինի, քանի դեռ ես կամ՝ անկախ նրանից ճիշտ եք թե սխալ։ Եթե գոնե մեկ անգամ, որ իմ ասածը, պահվածքը չի համապատասխանում, ուրեմն ես աշխարհի ամենաանբարոյական մարդն եմ»։

Նշենք, որ նման պարտավորագրեր, իդենտիկ բովանդակությամբ, սակայն տարբեր էմոցիոնալ և բարամթերային կոնտենտով գրել են ԲՀԿ բոլոր պատգամավորները անխտիր: Սակայն դա չի խանգարել նրանցից ոմանց ճակատագրական պահին, երբ եկել է մանդատները վերցնելու ժամանակը, դրժել գրավոր և բանավոր երդումները և հակադրվել ԲՀԿ առաջնորդի կամքին:

InfoPort-ի հավաստի տեղեկություններով, 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Գագիկ Ծառուկյանը ֆինանսավորել է ոչ միայն կուսակցական համամասնական ցուցակով առաջադրված թեկնածուների նախընտրական արշավը, այլև ռեյտինգային կարգով առաջադրվածներինը, թեև դրանց մեջ եղել են մեծ թվով գործարարներ: Փոխարենը նրանք տեղերում պարտավորվել են կուսակցության համար ապահովել որոշակի թվով ձայներ: Պարտավորությունը չկատարելու դեպքում տվյալ թեկնածուները գրավոր հավաստել են, որ կուսակցության առաջնորդի պահանջով կհրաժարվեն իրենց մանդատից:

Ընտրություններից հետո, երբ ձայների հաշվարկը ավարտվել է, պարզ է դարձել, որ ռեյտինգային համակարգով առաջադրված մի շարք թեկնածուներ թեև չեն կատարել կուսակցության առաջնորդին տված համապատասխան ձայներ ապահովելու իրենց խոստումը, այդուհանդերձ հավաքել են պատգամավոր դառնալու համար բավարար ձայներ:

Դա զայրացրել է բարգավաճների առաջնորդ Ծառուկյանին և նա հրահանգել է տվյալ թեկնածուներին, ինչպես և նախանշված էր իրենց կողմից ստորագրված պարտավորագրերում, հրաժարվել մանդատից: Եվ այստեղ կատարվել է անսպասելին, մանդատի գայթակղությունը վեր է գտնվել թե գրավոր երդումներից, թե իրենք իրենց հասցեին տված հայհոյանքներից, թե առյուծասեր Ծառուկյանի հանդեպ ահից: Որոշ թեկնածուներ ուղղակի գնացել են ԿԸՀ և վերցրել իրենց մանդատները: Հատկանշական է, որ դրանց թվում է եղել «Ծառուկյանի հրահանգով մանդատից չհրաժարվելու դեպքում իրեն անբարոյականի զավակ հորջորջած» Սերգեյ Բագրատյանը, «Ծառուկյանի բոլոր ասածները, անկախ նրանից ճիշտ է նա, թե սխալ չկատարելու դեպքում իրեն ամենաանբարոյական մարդ կոչած» Նապոլեոն Ազիզյանը, «Չերի» ռեստորանների սեփականատեր Վահան Կարապետյանը և այլոք:

Պատգամավորների ըմբոստության մասին լուրը իմանալուց հետո, նրանց հետ անմիջապես կապ է հաստատել «Մուլտի գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանը` կանչելով նրանց Առինջում գտնվով Ծառուկյանների առանձնատուն: Ըմբոստ պատգամավորները թեև միմյանց խոստովանում էին, որ Ծառուկլյանների առանձնատուն գնալը առյուծների վանդակներում հայտնվելու սպառնալիք է պարունակում, այդուհանդերձ հասկանում էին, որ չգնալ էլ չեն կարող` Հայաստանը փոքր է: Ինչևէ` հաղթահարելով վախը, ըմբոստների խումբը գնում է Ծառուկյանի առանձնատուն:

Թե ինչ երդումների և պարտավորությունների արդյունքում է նրանց հաջողվում մեղմել առաջնորդի զայրույթը, չհայտնվել առյուծների վանդակում, դեռ մի բան էլ պահպանել մանդատը, մեր հավաստի աղբյուրները լռում են:

  • Կիսվել: