չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Երբեմն չգիտակցելով, երեխայի ծնունդն ընտանիքի համար դարձնում ենք գումար ստանալու միջոց. Փաշինյան

Երբեմն չգիտակցելով, երեխայի ծնունդն ընտանիքի համար դարձնում ենք գումար ստանալու միջոց. Փաշինյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց Ժողովրդագրական ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տպավորությունների մասին:

«Այնտեղ ներկայացված տվյալների մի զգալի մասը նորություն չէր ինձ համար: Տպավորությունս ընդհանուր առմամբ դառն էր, որովհետև ժողովրդագրական վիճակի հետ կապված մենք բոլորիս հայտնի խնդիր ունենք արդեն շատ երկար ժամանակ, բայց նաև լավ նորությունն այն էր, որ հետազոտության արդյունքներն ասում են, որ եթե ճիշտ քաղաքականություն վարենք, կարող ենք ժողովրդագրական դինամիկայի մեջ էական, շոշափելի և տեսանելի փոփոխություն մտցնել: Ըստ էության, հիմնական մոտեցումն այն է, որ ժողովրդագրական վիճակի բարելավման համար մեծ հաշվով կարևորագույն հանգամանքը որակյալ կյանքի ենթակառուցվածքի և միջավայրի ստեղծումն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ այս հարցի երկու դիտանկյուն կա. «Մենք տեսնում ենք, որ ծնելիության վրա ազդեցություն ունեցող գործիքներով, երբեմն չգիտակցելով, երեխայի ծնունդն ընտանիքի համար դարձնում ենք գումար ստանալու միջոց, բայց ռազմավարական տրամաբանությունն այն է, որ երեխայի ծնունդը մենք դարձնենք ընտանիքի երջանկության, արժեքների և հավատի արգասիք, որ նրան սպասում է լավ ապագա:

Քննարկումն այս շրջանակում է եղել, և մենք ռազմավարական ուղղության նկատմամբ պետք է շատ ուշադիր լինենք»:

Նա նշեց, որ ժողովրդագրական վիճակի հետ կապված էական նշանակություն ունի պայմանականորեն ասած ակտիվ ծերության հանգամանքը:

«Մենք փորձում ենք օրենսդրական փոփոխությամբ կենսաթոշակի անցած մեր հայրենակիցներին մաքսիմալ ակտիվ վիճակում պահել: Նրանք պետք է առողջ լինեն, երիտասարդներն էլ, միջին տարիքիններն էլ պետք է առողջ լինեն: Սրանք փոխկապակցված խնդիրներ են»,- նշեց Փաշինյանը:

  • Կիսվել: