երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Երբ պետության 25-ամյա բռնազավթմանը չի տրվում իրավաքաղաքական գնահատական, տեղի է ունենում այն, ինչի ականատեսն ենք այսօր․ Արման Բաբաջանյան

Երբ պետության 25-ամյա բռնազավթմանը չի տրվում իրավաքաղաքական գնահատական, տեղի է ունենում այն, ինչի ականատեսն ենք այսօր․ Արման Բաբաջանյան

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը խորհրդարանում հայտարարությունների ժամին նշեց, որ պատմական շատ կարևոր շրջափուլում ենք և պետք է ամփոփենք մեր անցած ճանապարհը՝ վերլուծելով պատերազմում պարտության պատճառները:

«Պարտությունը հնարավոր դարձավ, որովհետև մենք չունեցանք տեսլական, թե ինչպես են մեր երկրում տեղի ունենալու փոփոխությունները: Պարտվեցինք արտաքին ազդեցությունների և դրա հետևանքով իշխանության եկած քաղաքական ուժի անճարության և վախերի պատճառով: Բայց կա հստակ պատգամ բնակչության մեծ մասի կողմից, որ մեր երկրում բարեփոխումները պետք է շարունակվեն, և առաջիկա ընտրություններն այդ կարևոր պատգամի մի մասն են»,- նշեց պատգամավորը:

Առաջիկա ընտրություններում Բաբաջանյանի գլխավորած «Հանուն Հանրապետության» կուսակցության գլխավոր նպատակը լինելու է այս ուղերձը հանրությանը հասցնելը:

«Անցած առնվազն 25 տարվա բռնազավթված իշխանությանը իրավաքաղաքական գնահատական տալը մեզ համար լինելու է անկյունաքարային: Քանի դեռ համակարգային գնահատական չի տրվել անցյալի քրեական ռեժիմի կողմից պետության զավթմանը, գիտական, կրթական, տնտեսական, քաղաքական, սոցիալական, բնական ռեսուրսների, անվտանգության և այլ բնագավառներում համակարգային լուծումների փոխարեն հատային խնդիրների ուղղությամբ քայլերը հանդիպելու են անբովանդակ դիմադրության՝ գնահատականը չստացածների և նրանց հպատակների կողմից:

Երբ պետության 25-ամյա բռնազավթմանը չի տրվում իրավաքաղաքական գնահատական, տեղի է ունենում այն, ինչի ականատեսն ենք այսօր: Հայաստանը սպանած, հարստահարած, կեղեքած նախկին պաշտոնյաները, զինվորականները, ազգային անվտանգության այսպես կոչված ծառայողները դուրս են գալիս սեփական ժողովրդի դեմ՝ պետությունն ու պետականությունը փրկողների պատմուճանը հագած»,- նշեց Բաբաջանյանը:

  • Կիսվել: