ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երբ ասել եմ՝ իմ վզին դրած ա, նկատի եմ ունեցել, որ դա իմ առաքելությունն է, իմ ճիտին պարտքը. Ջհանգիրյան (տեսանյութ)

Երբ ասել եմ՝ իմ վզին դրած ա, նկատի եմ ունեցել, որ դա իմ առաքելությունն է, իմ ճիտին պարտքը. Ջհանգիրյան (տեսանյութ)

Պարոն Վարդազարյանը խնդրել էր ԲԴԽ անդամներին, որ իմ նկատմամբ վարույթ հարուցեն, եթե ամբողջ ձայնագրությունը հրապարակի, ապա իր համար լուրջ հետևանքներ կլինեն։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։

Պատասխանելով հարցին, թե ինչի մասին էին իր վրա ճնշումների վերաբերյալ արտահայտությունները՝ Ջհանգիրյանը նշեց. ՛՛Երբ ասել եմ՝ իմ վզին դրած ա, նկատի եմ ունեցել, որ դա իմ առաքելությունն է, իմ կոչումն է, ոչ թե ինչ-որ մեկն ինձ պարտադրել է։ Խոսքը դատաիրավական բարեփոխումների մասին է, դա իմ ճիտին պարտքն է, ստանձնել եմ կամավոր բարեփոխման ընթացքի կատարումը, ստանձնել եմ դեռ 1990 թվականից՛՛։

Ջհանգիրյանը խոսեց նաև ԲԴԽ արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի և իր զրույցի մասին,որի ձայնագրությունը հրապարակել էր Վարդազարյանը: Այս առնչությամբ նա, մասնավորապես, ասաց. ՛՛Սեղանի շուրջ մեր զրույցը տևել է երկուսուկես ժամ և ավելի, վստահ եմ՝ հենց սկզբից ձայնագրությունը կա, ուղղակի 14 րոպեն ծաղկաքաղ է արված։ Նստած են երեք տղամարդ, մենակ մեկը չի խոսում, բոլորն են խոսում, թվում է՝ մոնոլոգ եմ ասում, տպավորիչ բառերն էլ իրար հետևից ասում եմ։

Պարոն Վարդազարյանը դիմել էր իր նկատմամբ վարույթ հարուցած ԲԴԽ անդամներին և խնդրել էր, որ իմ նկատմամբ էլ վարույթ հարուցեն։ Այդ ընկերները խնդրել են տրամադրել ամբողջ ձայնագրությունը, որ մանրամասն ուսումնասիրեն, նա հրապարակային մերժել է։ Դա տեղի է ունեցել 1 տարի 2-3 ամիս առաջ, բավականին հետաքրքիր թեմաներ կան այնտեղ, որոնք բացարձակ ձեռնտու չեն Վարդազարյանին հանրայնացնելու համար։ Եթե ամբողջական ձայնագրությունը ներկայացնի, իր համար բավականին լուրջ հետևանքներ կարող է ունենալ՛՛։

Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ ուզում է հայցել նաև մայրերի, կանանց, քույրերի, աղջիկների ներողամտությունը, որ հակառակ իր կամքի՝ այլ միջավայրում, տղամարդկանց շրջապատում, փակ միջավայրում արտահայտած որոշ անվայելուչ արտահայտություններ իր վրիպման արդյունքում հանրայնացվել են: ՛՛Զղջում եմ դրա համար՛՛,-ասաց ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը:

Նա նաև հավելեց, որՎարդազարյանը հրաժարվել է այդ ձայնագրության ամբողջական տարբերակը տրամադրել ԲԴԽ անդամներին. ՛՛Երբ ես մտաբերում եմ այն թեմաները, որոնք այնտեղ քննարկվել են… այնտեղ բավականին հետաքրքիր թեմաներ կան, որոնք բացարձակ ձեռնտու չեն պարոն Վարդազարյանին՝ հանրայնացվելու տեսանկյունից։ Ես չեմ ուզում նախապես որեւէ մեղադրանք հնչեցնել, որովհետեւ կարծում եմ՝ այդ ծաղկաքաղ արված ձայնագրությունն ուղարկված է համապատասխան քննչական մարմնին՝ ուսումնասիրելու համար։ Կարծում եմ՝ հետագայում առիթ կլինի այդ հարցերին անդրադառնալու։

Հարցին՝ արդյոք պատրաստվու՞մ է հրաժարական ներկայացնել, Ջհանգիրյանը պատասխանեց. ՛՛Ես իմ կյանքում երեք անգամ հրաժարական եմ տվել իմ զբաղեցրած պաշտոններից. մեկը 1997 թվականին Արդարադատության նախարարի առաջին տեղակալն եմ եղել, կամավոր հրաժարական եմ ներկայացրել, մյուսը 2000 թվականին եղել եմ Զինվորական դատախազը, դատախազական հսկողություն եմ իրականացրել հոկտեմբերի 27-ի հանցագործությունը քննող քննչական խմբի նկատմամբ եւ հրաժարական եմ ներկայացրել երկրորդ նախագահին, որը չի ընդունվել, եւ երրորդը՝ 2008 թվականին իմ աշխատասենյակից ուղղակի եկել եմ հրապարակ, միացել եմ համաժողովրդական շարժմանը, հասկանալով, որ հաջորդ իսկ օրը պետք է ազատվեի զբաղեցրածս պաշտոնից։ Երբեք որեւէ քաղաքական ուժի, դաշինքի պարտադրանքի արդյունքում երբեք հրաժարական չեմ տվել՛՛։

Հաղորդավար Պետրոս Ղազարյանի հարցին, թե արդյոք իր կողմից արված որոշ հայտարարություններ չե՞ն ստվերում դատական համակարգում արվող բարեփոխումները, Ջհանգիրյան արձագանքեց. ՛՛Ուզում եմ՝ հիշենք, թե ինչ պայմաններում եմ ես ընտրվել ԲԴԽ անդամ, դա նոյեմբերյան իրադարձություններից հետո էր, հիշում եք Կառավարության շենքի գրավումը, մասսայական անկարգությունները, կառավարական կեցավայրի ջարդուփշուրը, ԱԺ նախագահի նկատմամբ հաշվեհարդարը եւ այդ բոլոր մեղադրյալներին երբ տանում էին համապատասխան խափանման միջոց ընտրելու համար դատարաններ, հիշում եք նաեւ Ռուբեն Վարդազարյանը կոչ արեց՝ եկել է ժամանակը, որ դուք ապացուցեք եւ այլն։ Կարծես թե բոլոր մեղադրյալներն ազատվեցին, որեւէ մեկի նկատմամբ կալանք չընտրվեց։

Ավելին, շատերի մեղադրանքների հիմնավոր կասկածները հերքվեցին։ Պատահական չէ, որ այդ գործերով ընդամենը երկու կամ երեք մարդ է ենթարկվում քրեական պատասխանատվության՛՛։

Իսկ ճշտող հարցին՝ արդյոք այդ գործընթացը կազմակերպել է Ռուբեն Վարդազարյա՞նը, Ջհանգիրյանը պատասխանեց. ՛՛Ես այդպիսի բան չասեցի, ես նկարագրում եմ իրավիճակը, երբ ես համաձայնություն եմ տվել, եկել եմ եւ ԱԺ-ն ինձ ընտրել է ԲԴԽ անդամ։

Հիշում եք այդ ժամանակ հասարակական-քաղաքական գործիչների գնահատականները դատական իշխանության մասին։ Այսինքն՝ ակնհայտ էր, որ մեր ամբողջ դատական համակարգը խրված էր քաղաքական գործընթացների մեջ։ Դա կատարվում էր ԲԴԽ նախագահի պաշտոնավարման ընթացքում, նա երբեք դրան դեմ չի արտահայտվել՛՛։

Ջհանգիրյանը պնդեց, որ ինքն էր իր առաջ խնդիր դրել, որ Ռուբեն Վարդազարյանը կամավոր հրաժարական ներկայացնի: ՛՛Պարոն Վարդազարյանն արդեն դատական համակարգը մտցրել էր բացահայտ հակադրման մեջ գործադիր եւ օրենսդիր իշխանության հետ։ Ես գնացել եմ բանակցությունների՛՛,-ասաց նա:

Հարցին՝ ո՞վ էր իրեն լիազորել՝ գնալ Վարդազարյանի հետ բանակցությունների, Ջհանգիրյանն ասաց. ՛՛Ես, ինձ ո՞վ կարող էր լիազորել։ Ես եմ գնացել բանակցությունների պարոն Վարդազարյանի հետ։ Քանի որ մեր հարաբերություններն արդեն լարված էին, թեեւ ինքը եղել է իմ ուսանողը, բայց նույնիսկ մինչեւ իմ ընտրվելը, ինքն արդեն ասում էր, որ ես իրավունք չունեմ եւ այլն։ Ես բազմաթիվ հանցագործների հետ եմ զրուցել, համոզել եմ ընդունել իրենց մեղքը, դու կիրառում ես հոգեբանական հնարքներ, օրինակ՝ դա ի՞նչ պաշտոն է, որ դու տենց կառչած ես դրանից, խելոք մարդը պիտի հասկանա, չէ՞, եթե այդպես է՝ ես ինչո՞ւ եմ այդ պաշտոնին նստել. այսինքն՝ որպեսզի նա հեշտության տրվի այդ հորդորին, դիմում գրի, ազատվի, ես նրա աչքում նսեմացնում եմ իր զբաղեցրած պաշտոնը՛՛։

Անդրադառնալով քրեական գործեր կարճելու մասին իր հայտարարությանը՝ Ջհանգիրյանն ասաց. ՛՛Դրանք հոգեբանական հնարքներ են։ Կուտ եմ տվել, ժողովրդի լեզվով ասած։ Ես ո՞նց եմ հարուցել կամ կարճել տալիս այդ քրեական գործերը. իմ լիազորություններից դուրս բաներ են՛՛։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել է իր և Ջհանգիրյանի հանդիպման սկանդալային գաղտնալսումը:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: