շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
Եպիսկոպոսաց ժողովը ինչ որոշում էլ ընդունի` կընդունեմ առանց երկմտանքի. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը բացառիկ մանրամասներ է ներկայացնում

Եպիսկոպոսաց ժողովը ինչ որոշում էլ ընդունի` կընդունեմ առանց երկմտանքի. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը բացառիկ մանրամասներ է ներկայացնում

InfoPort.am-ը զրուցել է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած տաս եպիսկոպոներից Հայ Առաքելական եկեղեցու Վայոց Ձորի թեմի առաջնորդ տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի հետ, ով մի շարք փակագծեր է բացել վերջին օրերի զարգացումների հետ կապված:

ՎԵՀԱՓԱՌՆ ԱՍԱՑ, ՈՐ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ է ԵՒ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ

-Սրբազան, նախ կարծում եմ բոլորին հետաքրքրող առաջին հարցը հետեւյալն է` ինչո՞ւ մասնակցեցիք Խաչիկ գյուղում նոյեմբերի 16-ի պատարագին: Տեղյակ չէի՞ք, որ վարչապետը ևս գալու է:

-Անշուշտ տեղյակ էի, և հենց դրա համար էլ, որպես այդ թեմի առաջնորդ պարտավոր էի մասնակցել: Կարծում եք ճի՞շտ կլիներ, եթե թեմում տեղի ունեցող մի պատարագի, ուր ներկա է երկրի վարչապետը, կառավարության անդամներ, մեր մարզային իշխանությունները, որ թեմի առաջնորդը ձեւ գտներ խուսափե՞ր կամ փախչե՞ր: Ես պարտավոր էի մասնակցել, ով էլ որ լիներ, կամ լինի վարչապետ: Ի դեպ, պատարագից մի քանի օր առաջ ես հանդիպեցի Վեհափառին, տեղյակ պահեցի, Վեհափառն ասաց, որ թեմի առաջնորդի իրավասության ներքո է և պարտավոր է մասնակցել, միայն ասաց, որ ուշադիր լինեմ, որ դրսից, հատկապես կարգալույծ եղած նախկին հոգևորականներ չխանգարեն, չմասնակցեն ատյանում կամ խորանին ընթացող արարողությանը և ամեն ինչ ընթանա սովորական հունով, այլապես պիտի թողնեմ եկեղեցուց դուրս գամ։ Նաթան սրբազանն էլ ավելացրեց, որ ուշադիր լինեմ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը չզեղչվի: Պատարագն անցավ առանց միջադեպերի, աղոթական մթնոլորտում, և ես մտածում էի, որ ահավասիկ ստեղծվեց լավագույն մի առիթ պետություն-եկեղեցի երկխոսության և առկա կործանարար ճգնաժամը հանգուցալուծելու:

-Բայց Վեհափառ Հայրապետի անունը անունը զեղչվեց:

-Այ'ո, դա այդպես եղավ, բայց հաջորդ օրը ես հանդիպեցի Վեհափառին, բացատրեցի, և Վեհափառի հանձնարարությամբ Մայր Աթոռի մամլո դիվանը հայտարարություն տարածեց, ուր ասվում էր, որ հարցը պիտի քննեմ և բացատրություն ներկայացնեմ։ Գիտեք, երբեմն պետք է ըմբռնումով մոտենալ, նաև, ինչպես ասվում է`«Հարկ լուծանէ զօրէնս»: Եվ քանի որ իր մատուցած Հաջորդ պատարագին քահանան Վեհափառի անունը հնչեցնելու էր և որևէ կրճատում չէր լինելու, ես այդ մասին տեղյակ պահեցի դիվանապետին: Պատրաստվում էի նաև գրավոր ներկայացնել: Ի միջի այլոց, գիտեք, մի գաղտնիք պիտի բացեմ. պատարագի նախորդ օրը վարչապետի անունից ինձ փոխանցվել էր, որ եթե գտնում եմ, որ պատարագին իմ ներկայությունը կարող է ինձ համար վնասակար լինել, քննադատվել, ապա ինքը ըմբռնումով կմոտենա, եթե չմասնակցեմ (այս ազնվությունն առավել քան պարտավորեցնող էր, ցավոք, վարչապետն ավելի հեռատես գտնվեց)։ Ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Փոխանակ փառք տալու Աստծուն և շնորհակալ լինելու, երբ երկրի վարչապետը ներկա է գտնվում արքեպիսկոպոսի հանդիսապետությամբ տեղի ունեցող պատարագի, պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ ծունկի է իջնում, մեղքերի թողություն խնդրում Աստծուց և հաղորդություն ստանում, փոխանակ այդ աննախադեպ երևույթի դրականը տեսնելու, երևույթն ի շահ ճգնաժամից դուրս գալուն օգտագործելու, ոչ միայն տարատեսակ լրատվականներ, մեկնաբաններ և այլն, նաև դպիրներ, քահանաներ, վարդապետներ անհիմն, ամենազազրելի քննադատություն, արշավ սկսեցին իմ դեմ՝ հայհոյախառն բառապաշար, վիրավորական բնութագրումներ օգտագործելով: Մեկ շաբաթ հետո տեղական եպիսկոպոսների ու առաջնորդների ժողով եղավ, ուր ես երեք անգամ նույն հարցը բարձրացրեցի և պահանջեցի, որ կամ ժողովի, կամ Վեհափառի կողմից հրահանգվի և կանխվեն այդ մի քանի հոգևորականները, քանի որ ոչ միայն Հայ Եկեղեցու կանոնագրքով ու ժողովական որոշումներով է դատապարտված հոգևորականի նման պահվածքը, այլև հակասում է Հին և Նոր Կտակարանների՝ Աստվածաշնչյան կանոններին ու պատվիրաններին։ Վեհափառի պատասխանը եղավ. «Ես ծանոթ չեմ, ես տեղյակ չեմ, եթե այդպիսի բան կլինի, դիմում գրի, այդ նյութն էլ կցիր, ես կուսումնասիրեմ»։ Մի պատասխան, որ ինձ չէր կարող բավարարել բնականաբար։ Ընդհակառակը, կասկած ունեցա, որ նրանք ուղղորդվում են Մայր Աթոռի կողմից, հատկապես որ հետագայում և’ իմ, և’ ուրիշ բարձրաստիճան հոգևորականների հասցեին այդ մի քանի հոգևորականների հրապարակային խոսույթն ավելի նողկալի դարձավ և Մայր Աթոռի կողմից որևէ արձագանք չեղավ։

ՏԵՔՍՏԻՆ ԵՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՄ ԵՂԵԼ

-Սրբազան, նոյեմբերի 28-ին եղավ Վեհափառի ստեղծած հանձնախմբի և դրան միացած բարձրաստիճան հոգևորականների հայտնի հայտարարությունը Արշակ արքեպիսկոպոսի վերաբերյալ, որտեղ կար նաև Ձեր անունը, բայց չէիք ստորագրել։ Ինչո՞ւ:

-Որևէ հայտարարության տակ չեմ ստորագրել։ Պատճառը՝ որովհետև տեքստին և բովանդակությանը համաձայն չեմ եղել, նաեւ, կարծում եմ, որ այդ տեսակ հարցերը տվյալ կազմակերպության ներսում քննվող ե լուծվող հարցեր են: Հրապարակելով, ժողովրդին ներկայացնելով մենք ընդամենը բացասական էներգիա ենք փոխանցում առանց որեւէ լուծման:

-Բայց հետո վարչապետի հետ հանդիպմանը գնացիք։

-Գիտեք, ինձ երբեմն թվում է, թե մենք դեռ բավականին հեռու ենք պետական մտածողություն ունենալուց։ Երբ այդ տեքստը հրապարակվեց, իրավիճակը ծայրահեղ լարվեց։ Վարչապետը կանչեց, իր կողմից լուր տրվեց, և ես պարտավոր էի գնալ։ Եթե Հայաստանի վարչապետը կանչում է մեր ժողովրդից որևէ մեկին, անկախ թե ով է վարչապետը և ով է կանչվողը, ապա վերջինս պարտավոր է գնալ, իրավունք չունի չգնալու։ Նույն կերպ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, անկախ հետագա զարգացումներից, եթե որևէ օր ինձ կանչի, ես պարտավոր եմ գնալ։ Ես չգիտեմ դա ինչպես բացատրեմ` այդ գիտակցումը կա, կամ չկա։

-Իսկ ինչո՞ւ էր կանչել, ի՞նչ հարցեր էին քննարկվում:

-Ես չեմ կարող ինձ իրավունք վերապահել ներկայացնելու վարչապետի հետ հանդիպման մանրամասները, դա արել է կամ կանի վարչապետը, կամ կառավարության համապատասխան բաժինը։ Թերևս միայն կարող եմ ասել, որ ես խոսեցի Հայ Եկեղեցու մի կանոնադրության ստեղծման անհրաժեշտության մասին, որպեսզի հետայսու Կաթողիկոսների ու Առաջնորդների հոգևոր ու իմացական կարողություններով, որակական հատկանիշներով միայն չպայմանավորվի մեր Եկեղեցու հեղինակությունը, ընթացքը, կանոնականությունը, իր Սուրբ Առաքելության իրականացումը, և որպեսզի Ամենայն Հայոց Կաթողիկոսը լինի իրապես բոլոր հայերի Կաթողիկոսը՝ նրանց քաղաքական ու կրոնական հայացքներից անկախ:

-Դուք և ևս չորս Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ չմասնակցեցիք նոյեմբերի 29-ի Գերագույն խորհրդի ժողովին և ժողովը չկայացավ։ Ինչո՞ւ:

-Վարչապետի հետ հանդիպումից անմիջապես հետո համացանցում տարածվեց ատելության խոսք ու քննադատություն մեր հասցեին։ Որոշել էի գնալ, բայց հետո տարածվեց, թե առավոտից ինչ-որ մարդիկ, ինչ-որ խմբեր պետք է հավաքեն Մայր Աթոռում: Սովորաբար ժողովի նախորդ օրը ժողովի քարտուղարը մեկ առ մեկ զանգում է անդամներին, հիշեցնում հաջորդ օրվա ժողովի մասին, նաև ժողովը սկսելուց առաջ, եւ եթե տեսնում է ուշացողներ կան, զանգում ճշտում է պատճառը։ Ես հույս ունեի, որ եթե ժողովից առաջ զանգեն` կգնամ: Բայց զանգ չեղավ։

- Սրբազան, դեկտեմբերի 10-12-ին տեղի է ունենալու Եպիսկոպոսաց ժողով, մասնակցելո՞ւ եք:

- Այո։

- Ի՞նչ հարցեր են քննարկվելու, ի՞նչ եք սպասում ինքներդ:

- Դեռ օրակարգ չի ուղարկվել, բայց հավանաբար հարցերից մեկը կլինի 10 եպիսկոպոսների հարցը։ Դժվարանում եմ ասել, թե ինչ կլինի։ Մի բան պարզ է՝ ժողովի վերջնական որոշումը քննարկման ենթակա չէ։ Գիտեք, Եկեղեցու Սրբազան ավանդության համաձայն, երբ տեղի է ունենու եպիսկոպոսաց ընդհանուր ժողով եկեղեցական, դավանաբանական, աստվածաբանական հարցերի վերաբերյալ, ապա այդպիսի ժողովը գտնվում է Սուրբ Հոգու հովանու ներքո, Սուրբ Հոգին ներկա է այդտեղ և վերջնական որոշումն ընդունվում է Սուրբ Հոգու թելադրությամբ։ Այդ է պատճառը, որ, օրինակ, առաջին երեք Տիեզերական ժողովները, հետագային Հայ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովների որոշումները չեն քննարկվում և աներկբա ընդունելի են նախ բՈլոր հոգևորականների համար՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսից սկսած։ Որևէ սահմանափակում չկա, որևէ մեկ հոգևորական չի կարող չընդունել Եպիսկոպոսաց ժողովի որոշումները։ Այնպես որ ինչ որոշում էլ որ կայացվի, ես դա կընդունեմ առանց որևէ երկմտանքի:

-Նույնիսկ, եթե կարգալույծ հռչակվե՞ք:

-Գիտեք, ես 1992 թվականի նոյեմբերից Սյունյաց թեմի, իսկ 2010 թվականից առանձնացված Վայոց ձորի թեﬕ առաջնորդն եմ։ Վազգեն Ա և Գարեգին Ա Կաթողիկոսների առաջնորդած Հայ Եկեղեցին բոլորովին տարբեր էր։ Եկեղեցու այսօրվա ընթացքն ու այսօրվա վիճակն անընդունելի է։ Ես վստահ եմ, որ դա ընդունելի չէ հոգևորական բացարձակ մեծամասնությանը, թերևս բացառությամբ որոշ բախտախնդիրների։ Ինչո՞ւ պիտի հոգևորականները հայտնվեին այսպիսի իրավիճակում, ինչո՞ւ եկեղեցին հայտնվեց այսպիսի քննադատությունների հորձանուտում, ինչո՞ւ եկեղեցու և պետության առաջին դեմքերն ու ղեկավար մարմինները լուծումներ, ելքեր չգտան և տարան սխալ, վտանգավոր ճանապարհով։ Գիտեք, ես ևս բազմաթիվ անպատասխան հարցեր ունեմ։ Բայց տեսնենք՝ ինչպես որ ժողովը որոշի։

- Բայց հնարավոր էր չէ՞ փորձեիք եկեղեցու ներսում լուծումներ գտնել:

-Ես Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ եմ 1995 թվականից։ Վերջին 25 տարիների ժողովների ժամանակ արված իմ առաջարկները, եթե չէին համապատասխանում Կաթողիկոսի տեսակետին, պատճառ էին դառնում անհիմն քննադատության ու վիրավորանքների։ Արդյունքում ունենում էինք ԳՀԽ այն հայտարարությունները, որոնք գիտեք, երկրում տեղի ունեցող դեպքերին ու իրադարձություններին այն արձագանքներն ու արձագանքների չգոյությունը, ինչ որ գիտեք։ Մնում էր ամփոփվել թեմի սահմաններում և փորձել ինքնուրույն ինչ-որ բան անել կրթության, սոցիալական, հրատարակչական, քարոզչության կամ եկեղեցաշինության ոլորտներում։ Դա էլ երբեմն հաջողվում էր, երբեմն՝ ոչ։ Վայոց Ձորի թեմում չկա քիչ թե շատ կարևոր, արդյունավետ, մնայուն մի գործ, մի աշխատանք, վերականգնված մի եկեղեցի, որ Մայր Աթոռի կողմից նախաձեռնված, ֆինանսավորված և արդյունավետ իրականացված լինի վերջին 25 տարիների ընթացքում։ Փոխարենը՝ ամեննաանվայելուչ ձևով քննադատվում եմ կաթողիկոսին քծնող հոգևորականների կողմից պատարագին վարչապետի ներկայության համար, վարչապետի կանչին ընդառաջելու և հանդիպելու համար։ Գիտեք, այսօր Վայոց ձորի պատմական եկեղեցիները վերանորոգվում են, եկեղեցիներ տանող ճանապարհները բարեկարգվում են նույն վարչապետի հրամանով։ Վարչապետին իմ թեմի տարածքում ընդունելն ու վարչապետի կանչին ընդառաջելը առաջնորդ արքեպիսկոպոսի իմ իրավունքն է և իմ պարտականությունն է։ Եթե ոմանք այս պարզ ճշմարտությունը չեն հասկանում և որպես առիթ են օգտագործում իրենց տմարդի նպատակներին հասնելու համար, ես միայն կարող եմ Աստծու ներողամտությունը խնդրել նրանց համար, «որովհետև չգիտեն, թե ինչ են անում»։

-Եվ վերջում, ինչպե՞ս եք տեսնում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը:

-Կուզեի, որ եկեղեցին հեռու մնար քաղաքականությունից, կողմնապահությունից, ատելություն տարածելուց: Այս վերջին մի քանի շաբաթներին ես ոչ մի զանգ, ոչ մի գրություն, հարցում, կանչ չստացա Վեհափառից։ Չուզեց ճշտել, իմանալ, թե ինչ է կատարվում։ Փոխարենը օրեցօր համացանցում սաստկացան ամբաստանությունները, սպառնալիքներն ու լուտտանքները։ Ինձ համար վիրավորական էին հատկապես հոգևորականների գրածները։ Զարգացումները չկանխելու, մշտապես լուռ մնալու եւ հարցերին չպատասխանելու Կաթողիկոսի լռությունը գուցե իրավիճակին չտիրապետելու պատճառով է: Չգիտեմ։ Համացանցում շրջանառվում են տասը եպիսկոպոսների անուններ։ Նրանցից յուրաքանչյուրն ստանձնեց ճգնաժամին լուծում գտնելու, Եկեղեցին դեպի բարեկարգում առաջնորդելու պատասխանատվության իր բաժինը, կրեց ամեն տեսակ անհարկի վիրավորանք ու նվաստացում՝ ի սեր մեր Եկեղեցու, մեր ժողովրդի ու Հայրենիքի։ Թերևս առաջիկա Եպիսկոպոսաց ժողովին վախը, անձնապաշտությունը, եսասիրությունը գերակշռեն ողջախոհությանն ու արդարամտությանը, թերևս այդկերպ բացառեն Սուրբ Հոգու ազդեցությունն իրենց հոգիների վրա և նորից հետաձգեն Եկեղեցու բարեկարգման այս հնարավորությունը։ Ի՞նչ արած պետք է մխիթարվեմ այնքանով, որ գոնե փորձեցի դուրս բերել Եկեղեցին այս ճգնաժամից, որ աղետալի է և՛ Եկեղեցու, և՛ ժողովրդի, և՛ պետության համար։

 

  • Կիսվել: