երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի ստանձնած բարեփոխումների պարտավորություններին. Հայաստանում ԵՄ դեսպան

ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի ստանձնած բարեփոխումների պարտավորություններին. Հայաստանում ԵՄ դեսպան

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մեր հարաբերությունների իրավական հիմքն է, որից պետք է շահեն Հայաստանի հասարակ քաղաքացիները՝ բարելավելով նրանց ազատությունները, բարեկեցությունը, այսօր Ազգային ժողովում ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման գործընթացին նվիրված լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։

Նրա խոսքով, ուրախ են, որ այս համաձայնագիրը կնքել են Հայաստանի հետ, որը նաև ԵԱՏՄ անդամ է:

«Դա նշանակում է, որ տարբեր գործընկերներ կարող են առաջարկել տարբեր օգուտներ հայ հասարակության համար»,- նկատեց եվրոպացի դիվանագետը:

Նա ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը «կարևոր պարտավորություն» է ստանձնել՝ շարունակել բաեփոխումների օրակարգը, և ԵՄ-ն պատրաստ է աջակցել այդ պրոցեսին։

Անդրադառնալով վերջին երկու տարիների հարաբերություններին, դիվանագետը նկատեց, որ վերջին 2 տարում ՀՀ-ԵՄ հարաբերությունները խորացել են։

«Մենք ցանկանում ենք ուժեղացնել քաղաքական, ժողովրդավարական կայությունը Հայաստանում, խթանել, պահպանել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանային ու միջազգային մակարդակում»,- ասաց նա Մասնավորապես, նրա ներկայացմամբ, ՀՀ-ն ու ԵՄ-ն միասին ստանձնել են ուժեղացնել համագործակցությունը արդարադատության ազատության ու անվտանգության ոլորտում՝ նպատակ ունենալով ամրապնդել օրենքի գերակայությունն ու հարգանքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հանդեպ։

«Կարող ենք ասել, որ հսկայական առաջընթաց ենք գրանցել, սերտորեն համագործակցում ենք դատական բարեփոխումների շուրջ։ Մենք համաձայն ենք, որ դատական համակարգի արդյունավետությունը, թափանցիկությունը և անկախությունը վճռորոշ է՝ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մեծացման, լավ կառավարման ուժեղացման և ի վերջո, սա նաև նշանակում է տնտեսական իրավիճակի բարելավում»,- ասաց Անդրեա Վիկտորինը։

  • Կիսվել: