հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԵՄ-ն Ադրբեջանին զգուշացրել է զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից, այդ թվում՝ Հայաստանի տարածքի դեմ

ԵՄ-ն Ադրբեջանին զգուշացրել է զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից, այդ թվում՝ Հայաստանի տարածքի դեմ

Եվրամիությունը դատապարտել է 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղում և ափսոսանք հայտնել զոհերի և Ղարաբաղի հայերի զանգվածային տեղահանման համար։ Այդ մասին նշել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ ԵՄ պատգամավորներից մեկի գրավոր հարցին ի պատասխան։

«ԵՄ-ն մոբիլիզացնում է ջանքերը՝ Ղարաբաղի հայերին մարդասիրական օգնություն տրամադրելու համար։ 2023 թվականի հոկտեմբերին Եվրահանձնաժողովը հայտարարել էր ավելի քան 12 միլիոն եվրոյի լրացուցիչ մարդասիրական օգնություն հատկացնելու մասին։

ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում պաշտպանել և երաշխավորել Ղարաբաղի հայերի իրավունքները, ներառյալ՝ տեղահանվածների համար իրենց տներ վերադառնալու իրավունքը: Պետք է պաշտպանել տեղի հայերի ունեցվածքն ու մշակութային ժառանգությունը: Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ-ի երկու առաքելություններից հետո ԵՄ-ն նաև կոչ է անում տեղում մշտական միջազգային ներկայություն հաստատել»,- նշել է Բորելը:

Նրա խոսքով՝ ԵՄ-Ադրբեջան համագործակցությունը հիմնված է մարդու իրավունքների և ԵՄ արժեքների հարգման վրա: Գործող բազմամյա ֆինանսական շրջանակի համաձայն՝ 2021-2023 թվականներին Ադրբեջանին տրամադրվող տարեկան դրամաշնորհային օգնությունն այսօրվա դրությամբ կազմել է 15 միլիոն եվրո: Այս հիմնադրամներն աջակցում են Ադրբեջանում ԵՄ ռազմավարական առաջնահերթություններին, ինչպիսիք են քաղաքացիական հասարակության աջակցությունը, անցումը «կանաչ տնտեսության» և կառավարման բարեփոխումները:

Նա հավելել է, որ թեև Ադրբեջանի հետ համագործակցությունն էներգետիկայի ոլորտում նպաստում է էներգակիրների մատակարարումների դիվերսիֆիկացման ԵՄ քաղաքականությանը՝ Միության կառույցները շարունակում են դիտարկել իրավիճակը տեղում և զգուշացրել են՝ զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից, այդ թվում՝ Հայաստանի տարածքի դեմ։

«ԵՄ-ի ընդհանուր նպատակը մնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատումը»,- եզրափակել է Բորելը։

  • Կիսվել: