ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԵՄ ջանքերը կենսական նշանակություն ունեն ԼՂ-ում իրավիճակին օբյեկտիվ գնահատական տալու գործում․ Մերի Գալստյան

ԵՄ ջանքերը կենսական նշանակություն ունեն ԼՂ-ում իրավիճակին օբյեկտիվ գնահատական տալու գործում․ Մերի Գալստյան

ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 3-րդ նիստում հայկական պատվիրակության անդամ Մերի Գալստյանն ընդգծել է Եվրոպական միության և Հայաստանի միջև գործընկերության կարևորությունը, որը դինամիկ զարգանում է։

Պատգամավորն իր ելույթում ասել է, որ ԵՄ-Հայաստան համագործակցության խորացման կարեւորությունը հատկապես ընդգծվում է Հայաստանի առջեւ ծառացած ներկա մարտահրավերների համատեքստում, մասնավորապես, անվտանգային ռիսկերը, հետպատերազմյան իրավիճակում տնտեսության վերականգնման եւ ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը:

«Կրկին կընդգծեմ ձեր ընթացիկ եւ շարունակական աջակցության կենսական նշանակությունն այս երեք ուղղություններով եւ ոչ միայն:

Անվտանգային հիմնական խնդիրները եւ աշխարհաքաղաքական անկայունությունը տարածաշրջանում, մեր շարունակական եւ անկեղծ ջանքերը կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ, չնայած Ադրբեջանի կողմից հաճախակի եւ ցավոտ սադրանքների Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի սահմաններին, առավել հրատապ են դարձնում եվրոպացի գործընկերների եւ, մասնավորապես, Եվրոպական խորհրդարանի հետ մեր համագործակցության խորացումը՝ շարունակելու գործողությունների եւ ջանքերի մոբիլիզացումը տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հասնելու նպատակով:

Ադրբեջանի կողմից վերջին այդպիսի սադրանքը տեղի է ունեցել անցած կիրակի, երբ սպանվել են Լեռնային Ղարաբաղի 3 ոստիկան այն կեղծ մեղադրանքով, որ նրանց մեքենան Հայաստանից զենք էր տեղափոխում Ստեփանակերտ, մինչդեռ նրանք կանոնավոր ոստիկանական պարեկություն են կատարել: Լաչինի միջանցքի շրջափակման մասին, որի հետեւանքով Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայեր զրկված են իրենց հիմնարար իրավունքներից, դուք արդեն մանրամասն տեղեկացված եք: Ադրբեջանի այս պահվածքը ոչ մի կերպ չի նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանը, ավելին, այն խափանում է երկու երկրների միջեւ խաղաղության հասնելու չափազանց փխրուն գործընթացը՝ սպառնալիքի եւ բռնության փոխելով խաղաղության շուրջ բանակցելու գործիքակազմը:

Եվ հենց այստեղ է, որ ԵՄ շարունակական ջանքերն ուղղակի կենսական նշանակություն ունեն ե՛ւ որպես միջնորդ, ե՛ւ որպես ամուր աշխարհաքաղաքական դերակատար՝ իրավիճակին հասցեական արձագանքելու եւ օբյեկտիվ գնահատական տալու համար»,- ընդգծել է պատգամավորը։

Մերի Գալստյանը երախտագիտություն է հայտնել մինչ այժմ ԵՄ բոլոր ջանքերի եւ ակտիվ ներգրավվածության համար՝ ներառյալ Եվրոպական խորհրդարանի բանաձեւի ընդունումը՝ ԼՂ շրջափակման հումանիտար հետեւանքների վերաբերյալ, Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված զեկույցը՝ միասնական արտաքին եւ անվտանգային քաղաքականության իրականացման մասին, որը դատապարտում է 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ:

«Թե՛ 2022 թվականին Հայաստանում ԵՄ մոնիտորինգային կարողությունների գործարկումը, թե՛ 2023 թվականի փետրվարին մեկնարկած ԵՄ հատուկ քաղաքացիական առաքելությունը կարեւոր եւ աննախադեպ ձեռքբերում են ե՛ւ Հայաստանի, ե՛ւ ԵՄ-ի համար: Առաջին առաքելությունը նպաստեց սահմանին իրավիճակի դեէսկալացիային եւ հրադադարի խախտումների կտրուկ նվազմանը: Մենք լիահույս ենք, որ այս ազդեցությունը կշարունակվի նաեւ երկրորդ քաղաքացիական առաքելության շնորհիվ»,- նշել է Գալստյանը։

Ամփոփելով խոսքը՝ պատգամավորը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարացման գործընթացի եւ բարեփոխումների օրակարգի խորացման ուղղությամբ առաջնահերթ ոլորտներում, ինչպիսիք են մարդու իրավունքները, կոռուպցիայի դեմ պայքարը, դատական բարեփոխումները, տնտեսության ազատականացումը՝ չնայած անվտանգային եւ աշխարհաքաղաքական հսկայական մարտահրավերների:

«Մենք ժողովրդավարությունը համարում ենք տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հասնելու միակ երկարատեւ ու կայուն ճանապարհը: Եվ որքան այս տեսլականը գերիշխող դառնա տարածաշրջանում, այնքան շուտ կհասնենք դրա իրագործմանը»,- եզրափակել է Գալստյանը:

  • Կիսվել: