շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ԵՄ դիտորդական առաքելությունը որևէ մեկի դեմ ուղղված չէ. Արթուր Հովհաննիսյան

ԵՄ դիտորդական առաքելությունը որևէ մեկի դեմ ուղղված չէ. Արթուր Հովհաննիսյան

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը քաղաքացիական առաքելություն է և որևէ մեկի դեմ ուղղված չէ, Հայաստանը շատ ակտիվ արտաքին քաղաքականություն է վարում և ՌԴ-ի, և Արևմուտքի, և Իրանի գործընկերների հետ:Այս մասին վստահեցրեց ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

«Որևէ մեկին բացատրելու կարիք չկա, թե որևէ մեկի դեմ է ուղղված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը: ՀՀ-ն երկուամսյա դիտորդական առաքելությունից հետո իր դիվանագիտական ջանքերի շնորհիվ կարողացել է ԵՄ գործընկերների հետ պայմանավորվել, որ դիտորդական առաքելության ժամկետը երկարացվի: Եվ սա բխում է բացառապես ՀՀ շահերից»,-ասաց պատգամավորը:

Նա վստահեցրեց, որ Հայաստանի Հանրապետությունը շատ ակտիվ արտաքին քաղաքականություն է վարում և ՌԴ-ի, և արևմտյան, և Իրանի գործընկերների հետ: Եվ այս համատեքստում Հայաստանը ելնում է իր շահերից:

Հովհաննիսյանը հորդորեց Արևմուտք-ՌԴ առճակատումը չտարածել Հայաստանի շուրջ տարածվող զարգացումների վրա, նա հորդորեց այդ ելակետը չվերցնել՝ որպես հիմք: ՀՀ իշխանությունները ելնում են Հայաստանի պետական շահերից: «ԵՄ դիտորդական առաքելությունը քաղաքացիական առաքելություն է, այն որևէ մեկի դեմ ուղղված չէ, այն այստեղ է՝ իրականացնելու բացառապես դիտորդական առաքելություն, ֆիքսելու այն խնդիրները, իրավիճակը, որ կա Հայաստանի սահմաններին»,-ասաց պատգամավորը՝ հորդորելով այդտեղ աշխարհաքաղաքական կոնտեքստ չտեսնել:

  • Կիսվել: