երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
«ԵԽ-ն համարվում է Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը»․ ՏԿԵ փոխնախարար

«ԵԽ-ն համարվում է Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը»․ ՏԿԵ փոխնախարար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Միգրացիայի և փախստականների հարցերով ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Լեյլա Քայաջիկի գլխավորած պատվիրակությանը: Նախարարի տեղակալը ողջունել է պատվիրակությանը և նշել հանդիպման կարևորությունը՝ հաշվի առնելով վերջին զարգացումները կապված բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ:

Տերտերյանը շեշտել է, որ ԵԽ-ն համարվում է Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը և խոսել տեղական ժողովրդավարության ոլորտում փոխադարձ համագործակցությամբ արված մի շարք ծրագրերի՝ մասնավորապես ԵԽ-ի աջակցությամբ իրականացված վարչատարածքային բարեփոխումների, ապակենտրոնացման մասին:

ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հետաքրքրվել բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքներից, խնդիրներից, ՀՀ կառավարության կողմից տրվող աջակցության ծրագրերից:

Վաչե Տերտերյանը հյուրերին մանրամասն ներկայացրել է իրավիճակը, խոսել է կառավարության, մարզպետների աշխատակազմերի և համայնքների արդյունավետ համագործակցությունից, մանրամասնել կառավարության կողմից իրականացվող կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրերը և երկարաժամկետ ծրագրերի ներդրման հնարավորությունները:

Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև միջազգային տարբեր կազմակերպությունների հետ ունեցած համագործակցության օրինակներ: Հանդիպման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն հաջորդ հանդիպման ընթացքում քննարկել ԵԽ-ի կողմից տրամադրվող հնարավոր աջակցության ծրագրերի մանրամասները:

  • Կիսվել: