երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դիմում ենք Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղ բանակցություններում ապահովելու առաջընթաց. Նավարո Ռիոս

Դիմում ենք Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղ բանակցություններում ապահովելու առաջընթաց. Նավարո Ռիոս

Եվրախորհրդարանում մեկնարկել է «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակումից հետո և Հայաստանի հասցեին շարունակվող սպառնալիքները» թեմայով հատուկ լսումը: Պատգամավորներն այսօր անցկացնում են քննարկումների փուլը, բանաձևի քվեարկությունը նախատեսված է հինգշաբթի:

Քննարկումը բացել է ԵՄ խորհրդի ներկայացուցիչ, պետքարտուղար, իսպանացի Պասկուալ Նավարո Ռիոսը: Նա հիշեցրել է, որ ԵՄ-ն դատապարտել է սեպտեմբերի 19-ին ԼՂ դեմ Ադրբեջանի սկսած ռազմական ագրեսիան: Հիշեցրել է նաև, որ ԼՂ դեմ Ադրբեջանի գործողությունների հետևանքով այնտեղի հայերը լքել են իրենց բնակավայրերը և ապաստան գտել Հայաստանում: Ռիոսը նշել է, որ Բրյուսելը Բաքվից պահանջել է բացել Լաչինի միջանցքը և ապահովել ԼՂ-ում մնացած հայերի համար մարդասիրական օգնության հասանելիությունը:

Նավարո Ռիոսը նաև մատնանշել է, որ Հայաստան եկած 100 հազարից ավելի բռնի տեղահանվածները խոցելի են և ունեն աջակցության կարիք:

«ԵՄ-ն ավելացրել է մարդասիրական աջակցությունը 5 մլն եվրոյով՝ այդ իրավիճակում օգնություն ցուցաբերելու համար: Մենք նաև պահանջել ենք, որ Ադրբեջանը Հայաստանի հետ բաց և պատշաճ քննարկում սկսի՝ ԼՂ իրավիճակի վերաբերյալ: Հույս ունենք՝ այդ ամենը դրական արդյունքների կհանգեցնի: Ստեղծված իրավիճակում դիմում ենք Հայաստանին և Ադրբեջանին, որպեսզի նրանք խաղաղ բանակցություններում ապահովեն առաջընթաց, և ի վերջո հասնեն խաղաղության համաձայնագրի»,- նշել է պատգամավորը:

Ռիոսը հույս է հայտնել, որ Գրանադայում սպասվող հանդիպմանը կգրանցվի առաջընթաց, և բոլոր կողմերի իրավունքները կհարգվեն: Պետք է շարունակել երկխոսությունը և ապահովել կայուն և երաշխավորված խաղաղության կայացումը,- եզրափակել է գործիչը, գրում է 1lurer.am-ը: 

 

  • Կիսվել: