ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Դիմադրություն» շարժման անդամները երթով հասան կառավարական առանձնատների մոտ (տեսանյութ)

«Դիմադրություն» շարժման անդամները երթով հասան կառավարական առանձնատների մոտ (տեսանյութ)

«Դիմադրություն» շարժման անդամները երթով հասան Պռոշյան փողոցում գտնվող կառավարական առանձնատների մոտ: Նրանք մի քանի րոպեով կանգ առան առանձնատների մոտ եւ վանկարկեցին «Նիկոլ, դավաճան»:

՛՛Հայաստան՛՛ դաշինքի ֆեյսբուքյան էջը տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ այստեղ վահաններով և սաղավարտներով զինված ոստիկանները պատ են կազմել:

Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները երեկ՝ հունիսի 3-ին, նախաձեռնել էին ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ԱԺ հայտարարության նախագիծն է Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ, սակայն ՔՊ-ական պատգամավորները չեն ներկայացել նիստին եւ տապալել այն:

Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները վերադարձել են Ֆրանսիայի հրապարակ, որտեղից էլ երթով հասել են Կառավարության շենք եւ շրջափակել բոլոր մուտքերը:

Մոտ երեք ժամ անց շարժման անդամները բացեցին Կառավարության բոլոր մուտքերը եւ շարժվեցին դեպի Կառավարական առանձնատուն, որտեղ, ըստ Իշխան Սաղաթելյանի, գտնվում էր Նիկոլ Փաշինյանը։

«Եկել ենք այստեղ մեկ պահանջով՝ դուրս արի եւ պատասխանիր ժողովրդի հարցերին։ Եթե ռիսկ չես անում դուրս գաս, ասա քեզ հարմար տեղ ու ժամ։ Դու պետք է պատասխանես այս հարցերին։ Եթե ոչ, րոպե առաջ պետք է հեռանաս։ Այսպես փախնելով իշխանությունը երկար պահել հնարավոր չէ»,- առանձնատան դիմաց հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Երբ ցուցարարները ցանկանում էին շարժվել դեպի Ազգային ժողով, ոստիկանները, ըստ Սաղաթելյանի, դիմեցին սադրանքների, նրանց եւ ցուցարարների միջեւ սկսվեց բախում։ Ոստիկանները հատուկ միջոցներ կիրառեցին, կան բերման ենթարկվածներ ու տուժածներ:

  • Կիսվել: