երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Այստեղ մնալու ենք այնքան, ինչքան անհրաժեշտ է. Բագրատ Սրբազանը՝ կառավարական ամառանոցների մոտ

Այստեղ մնալու ենք այնքան, ինչքան անհրաժեշտ է. Բագրատ Սրբազանը՝ կառավարական ամառանոցների մոտ

Այս ժողովրդին չկպնեք ոչ մի ձեւով: Այս մասին այսօր կառավարական ամառանոցների մոտ հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ դիմելով կառավարական ամառանոցների դիմաց կանգնած ոստիկանական ուժերին:

Նա, մասնավորապես, նշեց. «Սաղավարտներն իզուր եք դրել, այստեղ ձեր քույրերն ու եղբայրներն են, ձեր հայրերն ու մայրերն են, ձեր տնեցիներն են: Իրենք ձեզ վնաս չեն տալու, վստահ եմ՝ դուք էլ նույն ձեւով եք վարվելու: Ես բռնություն եմ տեսել մի բուռ մարդկանց մասին, չեմ ուզում, որ բոլորիդ անունն այդպես գրված լինի: Մտածեք ձեր ընտանիքների, ձեր զավակների, մեր պետության մասին: Ձեզ դիտարկում են, որպես այս ստի, կեղծիքի հենարան, բայց ոչ մարդ:

Մենք այստեղ կլինենք, կարծում եմ, երկար ժամանակ, մինչեւ ինչ-որ ձեւով պատասխանը կգա, թե ինչպես, ինչ պայմաններում, որտեղ, ներսում, թե դրսում կհանդիպենք: Այլ տարբերակ չկա: Մենք այստեղ մնալու ենք այնքան, ինչքան անհրաժեշտ է»:

Նշենք, որ այսօրվա հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ Տավուշը հանուն հայրենիքի շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է: Նա հայտարարեց, որ դիմել է Վեհափառ Հայրապետին, որ սառեցնի իր 30-ամյա հոգեւոր ծառայությունը:

 

  • Կիսվել: