հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին կվերաբացվի Սուրբ Զատիկին

Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին կվերաբացվի Սուրբ Զատիկին

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը օրերս այց է կատարել Դիարբեքիր։ Կ․Պոլսո Հայոց պատրիարքը թուրք-քրդական ընդհարումների ժամանակ ավերված Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման աշխատանքների ընթացքի հետ տեղում ծանոթանալուց հետո այցելել է նաև Դիարբեքիրի նահանգապետ Մյունիր Քարալօղլուին:

 
Akunq.net–ի  համաձայն՝ Դիարբեքիրի նահանգապետը հետաքրքրվել է Սուրբ Կիրակոս եկեղեցում կատարվող վերանորոգման աշխատանքների ընթացքով։ Հանդիպման շրջանակներում եկուստեք գոհունակությամբ ընդգծվել է, որ եկեղեցու նորոգման աշխատանքները կանոնավոր կերպով առաջ են ընթանում, և նույն կերպ շարունակվելու դեպքում դրանք արդեն գարնանն ավարտին կհասցվեն։
Նաև շեշտվել է, որ նախատեսվում է եկեղեցին վերաբացել Սուրբ Հարության տոնի՝ Զատիկի օրը։ Ըստ Պատրիարքարանի հաղորդագրության՝ Դիարբեքիրի նահանգապետը առաջարկել է վերականգնել նաև Դիարբեքիրի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին։ Հրապարակման մեջ նշվում է, որ Կ․Պոլսո Հայոց պատրիարքը Դիարբեքիր այցի շրջանակներում ուսումնասիրել է Սուրբ Սարգիս եկեղեցին։
 
Հիշեցնենք, որ 2015 թ․ վերջերին սկսած թուրք-քրդական ընդհարումների ժամանակ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոսը մեծ վնաս էր կրել։ Եկեղեցու վերականգման աշխատանքներին աջակցում է նաև թուրքական պետությունը։ Վերանորոգումն սկսվել է 2019 թվականին։

  • Կիսվել: