ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանումն աճել է 27,4 տոկոսով. Նիկոլ Փաշինյան

Դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանումն աճել է 27,4 տոկոսով. Նիկոլ Փաշինյան

2021 թվականին Հայաստանն արդեն արձանագրել է ԵԱՏՄ երկրների հետ առևտրի և համագործակցության ծավալի աճի կայուն տեմպեր, այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Թվերն ինքնին խոսուն են. Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2021 թվականի հունվար-սեպտեմբերին, 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 12,8 տոկոսով։ Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանման մատակարարումների ծավալն այս տարվա ինն ամիսներին աճել են 27,8 տոկոսով։ Ուրախ եմ արձանագրել, որ աճը գրանցվում է ԵԱՏՄ բոլոր գործընկերների գծով. դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանումն աճել է 27,4 տոկոսով, դեպի Բելառուս՝ 19,2 տոկոսով, դեպի Ղազախստան՝ 89,5 տոկոսով, դեպի Ղրղզստան՝ 48,0 տոկոսով։ Դա վկայում է ոչ միայն ԵԱՏՄ շրջանակում առևտրային համագործակցության զարգացման, այլև նոր հնարավորությունների առկայության մասին, որոնք գործարկվել են համաշխարհային տնտեսության գլոբալ կառուցվածքային փոփոխությունների պայմաններում»,-նշել է ՀՀ վարչաետը։

Նար խոսքով՝ էլեկտրոնային առևտրի հնարավորությունների ընդլայնումը փոքր և միջին բիզնեսին աջակցելու որակական նոր մեխանիզմ է, որը կարող է և պետք է նպաստի Միության պետությունների միջև փոխադարձ առևտրաշրջանառության ավելացմանը։

«Միևնույն ժամանակ, անդրսահմանային էլեկտրոնային առևտրի ծավալի աճը մեր առջև նոր խնդիրներ է դնում և արդյունավետ լուծումներ է պահանջում ապրանքների անվտանգության, սպառողների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև հարկային և մաքսային եկամուտների ամբողջականության ապահովման համար։

Թվային փոխակերպման համատեքստում պետք է դիտարկել նաև ԵԱՏՄ-ում բեռնափոխադրումներին հետևելու համար նավիգացիոն կնիքների կիրառման մասին Համաձայնագրի նախագծի համաձայնեցման բարդ և երկարատև գործընթացն ավարտին հասցնելը։ Այս կապակցությամբ կցանկանայի նշել ԵԱՏՄ անդամ պետությունների ոլորտային գերատեսչությունների աշխատանքը ազգային մակարդակով թեստավորման և համաձայնեցման գործընթացում։

Համաձայնագրի դրույթների կիրառումը հնարավորություն կտա անցում կատարել բեռնափոխադրումների թվային կառավարմանը, կրճատել տրանսպորտային-լոգիստիկ գործընթացի մասնակիցների ժամանակի և ֆինանսական ծախսերը և օպտիմալացնել մաքսային ընթացակարգերը՝ չնվազեցնելով դրանց արդյունավետությունը:

Կցանկանայի ընդգծել նաև ԵԱՏՄ շրջանակում վարկային պատմություններում ներառված տվյալների փոխանակման կարգի մասին Համաձայնագրի կարևորությունը։ Համաձայնագրի ստորագրումը պայմաններ կստեղծի ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայում անդրսահմանային վարկավորման զարգացման համար, ինչպես նաև թույլ կտա Միության քաղաքացիներին վարկեր ստանալ «հնգյակի» բոլոր պետությունների տարածքում»,-ասել է վարչապետը։

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր։ Մասնավորապես, արծարծվել են 2020թ. փոխադարձ առևտրի հետ կապված իրավիճակին, ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանը, 2021-2024թթ. ԵԱՏՄ երկրների մետաղագործական ձեռնարկությունների հումքով ապահովման միջոցառումների ծրագրին, կլիմայական օրակարգի մասով Միության պետությունների դիրքորոշումների մոտարկման աշխատանքներին վերաբերող հարցեր։ Քննարկման առարկա են դարձել ԵԱՏՄ-ում փոխադրումներին հետևելու համար նավիգացիոն կնիքների կիրառման մասին Համաձայնագիրը, ԵԱՏՄ կենսաբանական անվտանգության ռազմավարության նախագիծը, էլեկտրոնային առևտրի զարգացման և օրակարգում ընդգրկված այլ հարցեր։ Նիստի արդյունքներով ստորագրվել են փաստաթղթեր։

Որոշվել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2022թ. հունվարին, Ալմաթիում։

  • Կիսվել: